Ջավախքի հպարտանալու առիթներից մեկը բժիշկ Արմենակ Բդոյանն է

Ջավախքի հպարտանալու առիթներից մեկը բժիշկ Արմենակ Բդոյանն է

Կրկին հպարտանալու առիթ Ջավախքի համար, այսօր կնրկայացնենք ծնունդով Նինոծմինդա քաղաքից՝ բժիշկ Արմենակ Բդոյանին։

Արմենակ Բդոյանը«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավարն է:

Բժիշկը նշում է, որ օրթոպեդ-վնասվածքաբանների թիմն իր ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապահովում է կառույցի անխափան աշխատանքը: Կատարվում են տարբեր պրոֆիլի վիրահատություններ:

Յուրաքանչյուր տարի համալսարանական կլինիկայում իրականացվում են վերազինման աշխատանքներ՝ ինչպես գիտական, այնպես էլ տեխնիկական ուղղություններով:

Արմենակ Բդոյանը Զինվորների կողքին է եղել պատերազմի օրերին, զինվորների կողքին է նաև հիմա: Նրա պրոֆեսիոնալ ձեռքով մեր շատ տղաներ են ապաքինվել: 

Հիշեցնենք որ 2020 թվականի պատերազմի ժամանակ 4-5 օրում 150-200 վիրավոր էր ընդունում հիվանդանոցը։ Պայքարը կյանքի համար էր, բժիշկներին տրված ժամանակը՝ կարճ։

«Վիրահատական սեղանը 20 րոպեից ավելի զբաղեցնել չէինք կարող, եթե ավելին զբաղեցնեինք, ասենք՝ 3 ժամ, մենք կունենայինք մյուս զինվորների կորուստ»,- ասում է բժիշկը։

20 րոպեն էլ, սակայն, բավարար էր, որ հիշեր բոլորի դեմքերը։ Ասում է՝ մոռանալ հնարավոր չէ։

«Ինձ չի թվում, որ որևիցե մեկի դեմքը աչքիցս վրիպի։ Հավատացնում եմ՝ շատ սարսափելի էր։ Երբ ես այնտեղ աշխատելուց հետո գալիս եմ մեր բաժանմունք՝ Երևան, այն զինվորներին, որ տեսել էի այնտեղ, տեսնում եմ նաև այստեղ, և ինձ պետք չէր հարցուփորձ անել, անգիր հիշում էի»,- նշում է նա։

Դժվարություններն էլ է հիշում, բայց այդ մասին խոսել չի ուզում։ Ժամեր տևող վիրահատությունների արանքում 10 րոպեանոց հանգիստ են ունեցել։ Վստահեցնում է՝ այդքանն էլ էր բավարար։ Պատերազմի օրերից հետո պատերազմում տարած պայքարի համար Արմենակ Բդոյանը ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի, նրան շնորհվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշան, սակայն սպիտակ բանակի հերոսների համար մեծագույն պարգևն ամեն փրկված կյանքն է։

«Ամեն մի չկտրված վերջույթի համար պայքարող բժշկի և այդ վերջույթի թեկուզ մինիմալ շարժը այդ բժշկի համար երջանկություն է։ Դա բառերով չի արտահայտվում։ Բնականաբար, որ հիվանդը սկսում է քայլել, դա երջանկություն է բժշկի համար»,- ասում է Արմենակ Բդոյանը։