Մինչեւ 50,000 եվրո ԵՄ դրամաշնորհներ հետաքննող լրագրողների համար

Մինչեւ 50,000 եվրո ԵՄ դրամաշնորհներ հետաքննող լրագրողների համար

«ՊրոԿրեդիտ Բանկ»-ը ՎԶԵԲի, ԵՄի եւ Շվեդիայի աջակցությամբ կֆինանսավորի վրաստանցի կին ձեռներեցներին

Վրաստանում կանանց կողմից ղեկավարվող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) կստանան նոր միջոցներ՝ շնորհիվ Եվրոպական միության եւ Շվեդիայի աջակցությամբ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկի։ Այս մասին հայտարարվել է մարտի 12-ին։

Վրաստանի առաջատար բանկերից մեկին եւ ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկերոջը՝ «ՊրոԿրեդիտ Բանկ»-ին տրամադրվող 8 միլիոն եվրոյի վարկային գիծը հասանելի կդառնա կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին՝ վերջիններիս աճի ու զարգացման խթանմանն ուղղված ներդրումները ֆինանսավորելու համար:

Սա առաջին անգամն է, երբ «ՊրոԿրեդիտ Բանկ»-ն ընդլայնում է գենդերային ուղղվածությամբ ֆինանսավորումը: Այն միանում է ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրին, որը ԵՄ-ի եւ Շվեդիայի աջակցությամբ կանանց ապահովում է ֆինանսական միջոցների եւ գիտելիքների հասանելիությամբ՝ խորհրդատվական ծառայությունների, մենթորության եւ ուսուցման միջոցով:

ԵՄ-ն կին ձեռներեցներին տրամադրվող վարկին աջակցում է իր Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամ Պլյուս (EFSD+) երաշխիքային ծրագրի շրջանակներում:

ՎԶԵԲ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ կանանց կողմից ղեկավարվող ընկերություններն իրենց փոքր չափերի եւ «կոշտ» գրավի բացակայության պատճառով հաճախ դիտվում են որպես առավել ռիսկային հատված այն տնտեսություններում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում: Նոր վարկային գծի շրջանակում կին ձեռներեցները կշահեն ռիսկերի բաշխումից, ինչը հնարավորություն կտա, որպեսզի «կոշտ» գրավ տրամադրելու ոչ ունակ ավելի մեծ թվով կին ձեռներեցներ հավակնեն եւ ստանան ֆինանսավորում։

ԵՄ աջակցությամբ իրականացված հետազոտության համաձայն՝ Վրաստանում քաղաքացիական ծառայողներն ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում մարդու իրավունքներին եւ գենդերային հավասարությանը

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ԵՄ-ի եւ Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի հետ համագործակցությամբ, փետրվարի 29-ին ներկայացրել է նոր ուսումնասիրություն, որը լույս է սփռում հանրային ծառայության ոլորտում մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության նկատմամբ գերակշռող վերաբերմունքի վրա:

Ուսումնասիրության մեջ վերլուծության է ենթարկվել 103 պետական հաստատությունների քաղաքացիական ծառայողների վերաբերմունքը հանրային ծառայության շրջանակներում աշխատավայրում հավասարության պրակտիկայի նկատմամբ՝ ուսումնասիրելով մարդու իրավունքների, հավասարության եւ ներառականության հիմնարար արժեքների ընկալումները:

Արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանի պետական ծառայողները վճռական աջակցություն են հայտնում մարդու իրավունքների եւ իրավահավասարության սկզբունքներին՝ հանդես գալով հօգուտ խախտումներին եւ խտրականությանը պետական կոշտ պատասխանի: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը նաեւ երեւան է հանում ընկալումների վրա ազդող մշտնջենական կարծրատիպերը եւ նախապաշարմունքները, մասնավորապես՝ գենդերային դերերի, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների եւ ԼԳԲՏՔ+ համայնքների վերաբերյալ:

Ուսումնասիրությամբ առանձնացվել են մարդու մի քանի իրավունքներ, որոնք, ըստ պետական ծառայողների, առավել հաճախ են խախտվում Վրաստանում: Դրանցից են՝ հավասարության իրավունքը (40%), առողջ միջավայրում ապրելու իրավունքը (32%), կյանքի իրավունքը (31%), անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը (25%), պատվի եւ արժանապատվության անձեռնմխելիության իրավունքը (25%):

Հատկանշական է, որ ըստ սեռի առանձնացված տվյալները ցույց են տալիս, որ կին քաղաքացիական ծառայողներն ավելի լավ տեղեկացված եւ զգայուն են խոցելի խմբերի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ: Նրանք ավելի լավ են ըմբռնում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների, ԼԳԲՏՔ+ եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավական կարիքները:

ԵՄ-ի շնորհիվ Խաշուրին կունենա խմելու ջրի եւ սանիտարական ծառայությունների բարելավված հասանելիություն

Խաշուրի եւ շրջակա գյուղերի բնակիչները շուտով կկարողանան օգտվել խմելու ջրի եւ սանիտարական ծառայությունների բարելավված հասանելիությունից՝ շնորհիվ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի: Ծրագրի շրջանակում արդեն կառուցվել են ավելի քան 60 կմ ջրամատակարարման ցանցեր։

Այս նախաձեռնությունն աջակցում է Խաշուրի եւ հարակից բնակավայրերի ջրամատակարարման եւ հարակից ենթակառուցվածքների վերականգնմանն ու ընդլայնմանը: Ջուրը ներկայումս մատակարարվում է օրական ընդամենը մի քանի ժամ, իսկ կեղտաջրերն առանց մաքրման թափվում են անդրսահմանային գետ՝ բացասաբար ազդելով շրջակա միջավայրի, տեղական կենսամիջոցների եւ բնակչության առողջության վրա:

Ծրագրի նպատակն է՝ երաշխավորել խմելու ջրի շարունակական շուրջօրյա մատակարարումը եւ ապահովել բարձրորակ սանմաքրման ծառայություններ:

Խաշուրիում ջրամատակարարման եւ հարակից ենթակառուցվածքների վերականգնման եւ ընդլայնման շինարարական աշխատանքները պաշտոնապես մեկնարկել են 2023 թվականին։ Ծրագիրն իրականացնում է Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը (UWSCG)՝ Եվրոպական միության (ԵՄ) եւ Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) համաֆինանսավորմամբ։

Ծրագրին Եվրոպական միության աջակցությունը կազմում է 7,15 մլն եվրո:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ԵՄ աջակցությամբ Վրաստանում անցկացնում է սահմանային ռիսկերի վերլուծության հնարավորությունների վերաբերյալ դասընթացներ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող SAFE ծրագրի շրջանակում 2024 թվականի փետրվար եւ մարտ ամիսներին անցկացրել է վեց ուսումնական դասընթաց։

«Աջակցություն Վրաստանում սահմանների ինտեգրված կառավարմանը» ծրագրի նպատակն է բարելավել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տարածաշրջանային ստորաբաժանումների սահմանային ռիսկերի վերլուծության կարողությունները:

Նախաձեռնությունը սահմանային ռիսկերի վերլուծության ընդհանուր չափորոշիչներ է սահմանում ՆԳՆ շրջանակներում՝ ընդգրկելով Սահմանային ոստիկանությունը, Պարեկային ոստիկանության վարչությունը, Միգրացիոն վարչությունը եւ Տեղեկատվական-վերլուծական բաժինը:

Բաթումում, Ախալցխայում եւ Թելավում անցկացված դասընթացը նվիրված էր մարտավարական եւ օպերատիվ օղակների անձնակազմի կոմպետենցիաների բարելավմանը: Մասնակիցներն անցան սահմանների հետ կապված տեղեկատվության արդյունավետ հավաքագրման, մշակման եւ վերլուծության, ինչպես նաեւ վերլուծական պրոդուկտների պատրաստման վերաբերյալ ուսուցում։

Դասընթացի ընթացքում օգտագործված մեթոդաբանությունը վերջերս հաստատվել է ՆԳՆ-ի կողմից եւ հիմնված է ԵՄ ընդհանուր ռիսկերի վերլուծության ինտեգրված մոդելի (CIRAM) վրա:

8,2 միլիոն եվրո բյուջեով «Աջակցություն Վրաստանում սահմանների ինտեգրված կառավարմանը» ծրագիրն ավելի լայն՝ «Եվրոպական միությունը՝ հանուն Վրաստանում անվտանգության, հաշվետվողականության եւ կոռուպցիայի դեմ պայքարի (SAFE)» ծրագրի մաս է կազմում: 2019 թվականի դեկտեմբերին մեկնարկած ծրագիրը նպատակ ունի զարգացնել վրացական սահմանային մարմինների իրավական, ինստիտուցիոնալ եւ գործառնական կարողությունները՝ նպաստելով Վրաստանի եւ տարածաշրջանի ընդհանուր անվտանգության միջավայրին:

Խորհրդարանական բանավեճեր վրացի իրավաբան ուսանողների համար. դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 15

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Վրաստանի խորհրդարանի հետ համագործակցությամբ եւ Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ հրավիրում է վրացի երիտասարդներին՝ մասնակցելու ուսանողների համար 2024թ. խորհրդարանական բանավեճերին։

Մրցույթին կարող են մասնակցել լիազորված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբան ուսանողներ: Ընտրական շրջագայություններ կանցկացվեն Թբիլիսիում, Գորիում, Թելավում, Բաթումում, Քութայիսում, Զուգդիդում եւ Ախալցխայում։

Ծրագրի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսին Վրաստանի խորհրդարանում՝ Թբիլիսիում, որտեղ կհայտարարվեն հաղթող թիմի եւ լավագույն բանախոսի անունները։ Հաղթող թիմը եւ լավագույն բանախոսը կստանան ՄԱԶԾ-ի խորհրդարանական ամառային դպրոցին մասնակցելու հնարավորություն։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 15-ը։ Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղումով։

Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Վրաստանում խորհրդարանական հաստատությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը նպաստում է ժողովրդավարական կառավարման բարելավմանը` Վրաստանի խորհրդարանի եւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի գործունեության ամրապնդման միջոցով:

Եվրոպացի հեղինակների օր. կազմակերպի՛ր քո միջոցառումը կամ միացի՛ր այդպիսի մեկին մարտի 25-ին

2024 թվականի մարտի 25-ին «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից բոլոր 40 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում արդեն երկրորդ անգամ կանցկացվի Եվրոպացի հեղինակների օր։

Միջոցառման ծրագիրը ներառում է հետեւյալ գործողությունները. ընթերցանության միջոցառումներ դպրոցներում, գրադարաններում եւ գրախանութներում, եվրոպացի հեղինակների շրջագայություններ եւ ընթերցանության խթանման եվրոպական հարթությանը նվիրված համաժողով։

ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը հրավիրում է մասնակից երկրներում գործող դպրոցներին, գրախանութներին, գրադարաններին եւ ընթերցանության այլ գործընկերներին՝ կազմակերպելու միջոցառումներ՝ կենտրոնացած եվրոպացի հեղինակների վրա։

Այս միջոցառումները կարող են նաեւ գրատպության ոլորտի ներկայացուցիչ հրավիրելու (օրինակ՝ գրող, թարգմանիչ կամ հրատարակիչ) առիթ հանդիսանալ: Այս հանդիպումների նպատակն է զարգացնել մասնակիցների փորձը, ինչպես նաեւ բարձրացնել ոլորտում մասնագիտությունների բազմազանության մասին իրազեկվածության մակարդակը։

Ձեր միջոցառումը գրանցելու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղումով։

Եվրոպական հանձնաժողովը կազմակերպում է նաեւ 120 եվրոպացի հեղինակների մասնակցությամբ շրջագայություն, ովքեր հանդիպում կունենան «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի բոլոր 40 երկրներում երիտասարդ ընթերցողների հետ: Նրանցից շատերը պատրաստվում են հանդիպել իրենց օտարերկրյա ընթերցողներին։ Այսպիսով, հեղինակները կկարողանան ներկայացնել իրենց գործերը, մասնակցել ընթերցումներին եւ նպաստել իրենց կամ այլ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների վերաբերյալ քննարկումներին:

Կլինի նաեւ ընթերցանության խթանմանը նվիրված համաժողով, որը նախատեսված է 2024 թվականի մարտի 25-26-ը Բելգիայի Լյովեն քաղաքում: Համաժողովին կարող են մասնակցել ԵՄ 27 երկրների կրթության եւ մշակույթի նախարարությունների, ինչպես նաեւ «Ստեղծարար Եվրոպա» եւ «Էրազմուս+» ծրագրերի մասնակից այլ երկրների, ԵՄ հաստատությունների, գրատպության եւ կրթության ոլորտների ներկայացուցիչներ:

Մինչեւ 50,000 եվրո ԵՄ դրամաշնորհներ հետաքննող լրագրողների համար

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հետաքննող լրագրություն Եվրոպայի համար» (IJ4EU) ծրագիրը մեկնարկել է երկու նոր հայտամրցույթ՝ խմբագրություններին եւ առանձին լրագրողներին հրավիրելով դիմելու անդրազգային հետաքննությունների շրջանակներում համագործակցության ֆինանսավորման համար։

IJ4EU-ի հետաքննություններին աջակցության սխեման կտրամադրի մինչեւ 50,000 եվրո դրամաշնորհներ տարատեսակ լրագրողական թիմերին, այդ թվում՝ խմբագրություններին եւ մասնագիտացված հետաքննական լրատվամիջոցներին՝ հնարավորություն տալով կազմել անդրսահմանային միավորումներ եւ իրականացնել հավակնոտ նախագծեր:

Միեւնույն ժամանակ, IJ4EU-ի ֆրիլանսերներին աջակցության սխեման մինչեւ 20,000 եվրո դրամաշնորհներ կտրամադրի հիմնականում անկախ լրագրողներից կազմված անդրսահմանային հետաքննող խմբերին:

Դիմումները պետք է ներկայացվեն առնվազն երկու եվրոպական երկրներում աշխատող լրագրողների թիմերի կողմից, որոնք ներառում են ԵՄ բոլոր 27 անդամ երկրները եւ ԵՄ անդամ չհանդիսացող հետեւյալ երկրները՝ Ալբանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Վրաստան, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Սերբիա, Ուկրաինա։ Դիմելու իրավասությունը կախված է բնակության վայրից, այլ ոչ թե ազգությունից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 31-ը։

Մասնակցեք Տարտուի համալսարանի նոր առցանց դասընթացին եւ տեղեկացեք Արեւելյան հարեւանության երկրներում ժողովրդավարության մասին

Տարտուի համալսարանը 2024 թվականի ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 26-ը առաջարկում է «Ժողովրդավարությունը եւ ինքնավարությունը ԵՄ Արեւելյան հարեւանությունում» խորագրով զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC)։

Մասնակիցները կծանոթանան ժողովրդավարական եւ ավտոկրատական համակարգերի հիմնական բնութագրերին եւ առանձնահատկություններին, ինչպես նաեւ Արեւելյան հարեւանության վեց երկրների քաղաքական լանդշաֆտին:

Դասընթացը լիովին անվճար է եւ բաց է ինչպես Տարտուի համալսարանի ուսանողների, այնպես էլ լայն հանրության համար: Գրանցվելու վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 18-ը։

Ավարտելուց հետո մասնակիցները կստանան թվային վկայական, ինչպես նաեւ Կրեդիտների կուտակման եւ փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) 3 միավոր։

Հաջողակ մասնակիցները կկարողանան տարբերակել եւ համեմատել ժողովրդավարական եւ ավտոկրատական համակարգերը, վերլուծել Արեւելյան Հարեւանության քաղաքական համակարգերը ձեւավորող պատմական գործոնները եւ կիրառել իրենց գիտելիքները տարածաշրջանից կոնկրետ դեպքերի ուսումնասիրություններ վերլուծելու համար:

MOOC-ը մշակվել է Տարտուի համալսարանի Ժան Մոնեի «REPAIR» գերազանցության կենտրոնի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ստեղծարար Եվրոպա. 60,000 եվրո դրամաշնորհ ուկրաինական մշակույթն արտասահմանում ներկայացնող նախագծերի համար

Մշակութային կազմակերպությունները հրավիրվում են դիմելու 60,000 եվրո դրամաշնորհի՝ ուկրաինական մշակույթն արտասահմանում ներկայացնող նախագիծ իրականացնելու համար։

Նախագիծը պետք է ներառի բացման մեծածավալ միջոցառում եւ վերականգնման ու վերակառուցման վերաբերյալ քննարկումներ:

Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Ուկրաինայում, ԵՄ-ում կամ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում եւ Վրաստանում։ Դիմելու համար անհրաժեշտ է ստեղծել Ուկրաինայի եւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի երկրների կազմակերպությունների տանդեմ:

Միասին կարող եք կազմակերպել համատեղ մշակութային նախագիծ՝ ֆիլմերի ցուցադրություն, լուսանկարչական ցուցահանդես, թատերական ներկայացում, քաղաքային պլանավորման սեմինարների շարք եւ այլն։

Մասնակիցները պետք է ունենան մշակույթի, արվեստի կամ ստեղծարարության ոլորտում առնվազն երկու տարվա փորձ։ Տանդեմը կարող է իրականացնել նոր նախագիծ կամ շարունակել գոյություն ունեցողը։

Դիմելու համար խնդրում ենք մինչեւ ապրիլի 7-ը ներկայացնել ձեր դիմումը IZOLYATSIA առցանց պորտալի միջոցով: Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Պայմանների մասին ավելին իմանալու եւ դիմելու ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար խնդրում ենք միանալ թիմի հետ ամեն երեքշաբթի տեղի ունեցող շաբաթական առցանց հանդիպումներին:

Ծրագիրը ղեկավարում է IZOLYATSIA-ն՝ «Մալի Բեռլին» մշակութային կենտրոնի (Սլովակիա) եւ Trans Europe Halles-ի (Շվեդիա) հետ համագործակցությամբ ու ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Radio NOR · Մինչեւ 50,000 եվրո ԵՄ դրամաշնորհներ հետաքննող լրագրողների համար

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։