Նինոծմինդայի ճանապարհների փոսերը չեն վերանորոգվի. Որն է պատճառը

Նինոծմինդայի ճանապարհների փոսերը չեն վերանորոգվի. Որն է պատճառը

Նինոծմինդա քաղաքի ասֆալտապատ փողոցներում, ինչպես նաև գյուղեր տանող ասֆալտապատ ճանապարհներին կան բազմաթիվ փոսեր, որոնք խոչընդոտում են մեքենաների երթեւեկությանը։

2024 թվականի փետրվարի 20-ին Նինոծմինդայի քաղաքապետարանը հայտարարել է էլեկտրոնային մրցույթ (NAT240003663) 915 210 լարիի չափով։ Այս գումարը ներառում է ճանապարհների փոսերը լցնելու աշխատանքները և նախատեսում է 500 հազար լարի։

Ռադիո NOR-ը կապ հաստատեց Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության հետ՝ պարզելու, թե երբ կսկսվեն քաղաքի փողոցներում (բացառությամբ կենտրոնական) փոսերի վերանորոգման աշխատանքները։

Արարատ Դարբինյանի խոսքով՝ Նինոծմինդա քաղաքի փողոցներում փոսերի վերանորոգում չի իրականացվի, քանի որ Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը սկսել է ջրամատակարարման համակարգի վերականգնումը, ինչի արդյունքում բոլոր փողոցներում կփոխվեն ջրատարները և դրա համար անհրաժեշտ կլինի հեռացնել ասֆալտի շերտը, հետևաբար, փոսերի վերանորոգում չի իրականացվի քաղաքի ներքին ճանապարհների վրա: Նշենք, որ ջրամատակարարման համակարգի վերականգնման ծրագիրը նախատեսված է երկու տարի ժամկետով։

Ենթակառուցվածքների ծառայությունից հավելեցին նաև, որ չնայած քաղաքում փոսերի վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվելու, գյուղեր տանող ճանապարհների համար նախատեսված աշխատանքները դեռ կիրականացվեն հատկացված գումարի հաշվին (500.000 լարի):

Ռադիո NOR-ը այս խնդրի հետ կապված նորությունները քայլ առ քայլ կտրամադրի հետագա նյութերում։