
Նստակյաց ապրելակերպը և արևի անվերահսկելի ազդեցությունը կարող են հրահրել քաղցկեղի զարգացում, այս մասին զգուշացրել է ուռուցքաբան և քիմիաթերապևտ Անտոն Իվանովը։ Բժիշկը նշել է այլ սովորություններ, որոնք մահացու հիվանդության զարգացում են հրահրում։
Ուռուցքաբանը մասնավորապես նշել է, որ արագ սննդի չարաշահումը կարող է հանգեցնել չարորակ ուռուցքների առաջացման։ Նա բացատրել է, որ վնասակար նյութերը, որոնք օրգանիզմ են մտնում տապակած մթերքների հետ, այլ անբարենպաստ պայմանների առկայության դեպքում կարող են խթանել քաղցկեղի զարգացում։
Իվանովը նաև կոչ է արել նվազագույնի հասցնել սննդակարգում արագ սննդի քանակը։
Նաև արագ ածխաջրերի և կենդանական ծագման ճարպերի ավելցուկը՝ ընդհանուր սննդի ավելի քան 20 տոկոսը, վնասակար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։
Նա նշել է ծխելը և ալկոհոլ օգտագործելը որպես այլ վատ սովորություններ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի:
Նստակյաց ապրելակերպը նույնպես վնասակար է առողջությանը, վստահեցրել է Իվանովը։
Քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է օրական առնվազն կես ժամ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել: Բավական է միայն ավելացնել զբոսանքների քանակը, հեծանիվ վարել կամ վարժություններ անել, ասել է բժիշկը։