Դիլիֆի «Տաո» համույթի սաները գրավել են առաջին տեղը

Դիլիֆի «Տաո» համույթի սաները գրավել են առաջին տեղը

Մարտի 30-ին Թբիլիսիի Վրացական խորեոգրաֆիայի ազգային կենտրոնում` «Ապագան մերն է» խորագիրը կրող փառատոնին մասնակցել են Դիլիֆի «Տաո» պարային համույթի սաները և նվաճել առաջին տեղը ու արժանացել ոսկեգույն մեդալների ու դիպլոմների։

«Համույթը մասնակցել է երկու մրցույթի և երկու մրցույթից էլ մեդալներով ու դիպլոմներով է վերադարձել»,- մեզ հետ զրույցում ասաց Ելենա Ասլանյանը, ում դուստրը և որդին նույնպես պարում են «Տաո» համույթում։

Համույթի պարուսույցն է Վանո Բալախաշվիլին։

«Մենք շատ գոհ ենք պարուսույցից։ Նա երեխաների հետ պարապում է շաբաթական երեք օր, երկու ժամից ավելի։ Փառատոնին էլ մասնակցել են միջին ու մեծ խմբի սաները և պարել են Աճարուլի ու Ռաճուլի։ Համույթը ունի նաև փոքրերի խումբ։ «Տաո» համույթը արդեն 9 ամիս է ինչ գործում է»,- նշեց Ասլանյանը։

Խումբը հավաքելու նախաձեռնությունը պատկանում է Ելենա Ասլանյանին։

«Պարի խումբ բացելու համար պարուսույցն էր եկել դպրոց ու հայտարարել։ Քչերն էին լուրջ վերաբերվել։ Իմ տղան եկավ ասեց ու ես այդ պահը բաց չթողեցի։ Շատ ոգևորված էին, բոլորը զանգում ու ասում էին իմ երեխային էլ գրանցեք։ Իմ երեխաները շատ զբաղված են, շնչելու ժամանակ չունեն, բայց չեն հրաժարվում պարից»,-ասում է Ելենա Ասլանյանը։

Ինչպես շրջանի շատ գյուղերում` Դիլիֆում ևս ոչ մի պայման չկա մշակույթը զարգացնելու գործում։ «Տաո» համույթի համար առավել դժվար ժամանակաշրջան է ձմեռը, երբ պայմանները ուղակի անտանելի են դառնում։

«Պայմանները շատ վատ են, գյուղի ակումբում են պարապմունքները անցկացնում, որտեղ անմխիթար վիճակ է։ Ձմռանը ջեռուցում չլինելու պատճառով դիմեցինք դպրոցի տնօրենին, որ թույլ տա պարապմունքները անցկացնեն դպրոցի միջանցքում։ Համաձայնության գալուց հետո հիմա պարապմունքները դպրոցում են անցկացվում»,-ասում է Ասլանյանը։

Ելենա Ասլանյանը նշում է, որ Դիլիֆի ժողովուրդը յուրահատուկ ժողովուրդ է, համախմբված ու կազմակերպված։

«Հալալ է իրենց։ Եթե այսպես շարունակվի խումբը միշտ կգոյատևի։ Ամենապարտաճանաչը այս գյուղի երեխաներն են»։