Մրցույթ Վրաստանի քաղաքացիների համար. ինչպե՞ս եք հասկանում ԵՄ-ի «Միասնություն բազմազանության մեջ» կարգախոսը

Մրցույթ Վրաստանի քաղաքացիների համար. ինչպե՞ս եք հասկանում ԵՄ-ի «Միասնություն բազմազանության մեջ» կարգախոսը

ԵՄ-ն 150,000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացնում Արևելյան գործընկերության երկրների հինգ քաղաքների

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագիրը 30,000-ական եվրո դրամաշնորհ է հատկացրել իր Տարածաշրջանային քաղաքների ցանցում ընդգրկված հինգ համայնքներից յուրաքանչյուրին՝ Չարենցավան եւ Սեւան (Հայաստան), Քութայիս եւ Փոթի (Վրաստան), Օրհեյ (Մոլդովա)։

Ցանցը նպատակ ունի աջակցել 2022 թվականին EU4Culture-ի աջակցությամբ ստեղծված մշակութային զարգացման ռազմավարությունների կայուն իրականացմանը: Հինգ համայնքների ռազմավարական ծրագրերը խթանում են տարածաշրջանի տնտեսությունը՝ նպաստելով տեղական ստեղծագործական եւ մշակութային ոլորտների զարգացմանը:

Ընտրված համայնքները 2024 թվականին կօգտագործեն  շնորհված միջոցները մշակութային տարբեր միջոցառումներ իրականացնելու համար, ինչպիսիք են արվեստի միջոցառումները եւ վերապատրաստումները: Համայնքային իշխանություններից մեկն էլ կստեղծի տեղական մշակույթի վերաբերյալ հանրությանը հասանելի տվյալների բազա: Լինելով EU4Culture-ի Տարածաշրջանային քաղաքների ցանցի անդամներ՝ համայնքները ցանցի ներսում եւ դրանից դուրս կկիսվեն նաեւ իրենց մշակութային զարգացման ռազմավարություններն իրականացնելու փորձով։

«Հինգ համայնքների համար նոր փաթեթը կարող է լրացուցիչ խրախուսանք ծառայել Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի մարզերում զարգացման հնարավորություններ ստեղծելու համար՝ այդպիսով ստեղծելով երկրներում մշակութային եւ ստեղծագործական ոլորտների դիմակայունության ամրապնդման նոր մոդելներ», – ասել է EU4Culture-ի ծրագրային թիմի ղեկավար Անատոլի Բայֆերտը։

«EU4Culture»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագիր է, որն ունի 7.85 միլիոն եվրո բյուջե եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրների մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոչ մայրաքաղաքային բնակավայրերին։ Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի, Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:

ԵՄ-ն, ՄԱԶԾ-ն եւ գործընկերները գործարկում են տեղական տնտեսական զարգացման նոր` «Տնտեսական աճի ուղիներ» (P4EG) շրջանակը

Այս տարվա մարտին Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունը (DG NEAR), ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) եւ նրանց գործընկերները մեկնարկել են «Տնտեսական աճի ուղիներ» (P4EG) շրջանակը: Այս մեթոդաբանությունը մշակվել է տեղական տնտեսական զարգացման նոր սերնդի պլանների մշակման համար՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրի համատեքստում:

Գործընկեր կազմակերպությունների թվում են՝ Arup-ը, EIT Climate-KIC-ը եւ Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech):

P4EG շրջանակն օգնում է քաղաքներին գնահատել տեղական զարգացման լավագույն սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական գործոնները, ինչպես նաեւ իրենց ծրագրերի ընդլայնման ներուժը՝ կենտրոնական կառավարությունների, դոնորների եւ եվրոպական ու միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ։

DG NEAR-ի թվային անցման եւ տեղական տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Տիբո Շառլեն նշել է, որ P4EG շրջանակն «առանցքային դեր կխաղա տեղական մակարդակում ներդրումային նախագծերի խողովակների կառուցման գործում, ինչը կօգնի քաղաքներին մոբիլիզացնել ավելի շատ պետական եւ մասնավոր ֆինանսավորում՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանի համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակներում»:

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օգտատերերի համար արդեն հասանելի են P4EG ուղեցույցն ու P4EG-ի ներածական դասընթացը։

ՀՀՏԶ ծրագիրը հիմնված է 2017 թվականին Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկած «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) նախաձեռնության վրա։ 2021 թվականից ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀՀՏԶ ծրագիրը կառավարվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ԵՄ-ի, տեղական իշխանությունների եւ մի շարք տարբեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

ԵՄ. Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի «նախագահական ընտրությունների» անցկացումն ապօրինի է

ԵՄ-ն ապօրինի է համարում Ռուսաստանի այսպես կոչված «նախագահական ընտրությունների» համար Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բռնազավթված անջատողական շրջաններում ընտրատեղամասերի բացումն առանց Վրաստանի կառավարության համաձայնության։ Այս մասին ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում գրառման մեջ․

«ԵՄ-ն լիովին հավատարիմ է Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը»:

ԵՄ-ն նաեւ հայտարարել է, որ «ընտրությունները» տեղի են ունեցել «խիստ սահմանափակող միջավայրում, ուժեղացված համակարգային ներքին բռնաճնշումների եւ քննադատական ձայների նկատմամբ ճնշումների ներքո, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների բացակայության պայմաններում»:

«Սա հակասում է ԵԱՀԿ-ի նկատմամբ Ռուսաստանի պարտավորություններին եւ զրկում է Ռուսաստանի ընտրողներին եւ ինստիտուտներն այս ընտրություններին անաչառ եւ անկախ գնահատական տալու հնարավորությունից»,- ասվում է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

Եվրոպական միությունը նաեւ խստորեն դատապարտել է այսպես կոչված «ընտրությունների» անօրինական անցկացումն Ուկրաինայի այն տարածքներում, որոնք ժամանակավորապես բռնագրավել է Ռուսաստանը՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում եւ Սեւաստոպոլ քաղաքում, ինչպես նաեւ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի որոշ հատվածներում։

ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում ապահովել դատական համակարգի անկախությունը

Եվրոպական միությունը մտահոգված է Վրաստանի պետական պաշտոնյաների վերջին մեկնաբանություններով՝ ուղղված դատավորների դեմ, ովքեր իրենց տեսակետն են հայտնել դատավորների բարեվարքության ստուգման հնարավոր համակարգի վերաբերյալ։ Այս մասին ասվում է ԵՄ-ի՝ մարտի 22-ին հրապարակված հայտարարության մեջ:

Այս համատեքստում ԵՄ-ն հիշեցրել է, որ դատական համակարգի, այդ թվում՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի համապարփակ բարեփոխումը Վրաստանի վերաբերյալ ԵՄ 2023 թվականի ընդլայնման զեկույցի եզրահանգումներին եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համահունչ, Եվրոպական հանձնաժողովի «հիմնարար» առաջարկություններից մեկն է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին։

Սա նաեւ մասն է այն ինը քայլերի, որոնք թվարկված են Եվրոպական հանձնաժողովի՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների կողմից հավանության արժանացած վերջին ընդլայնման ուղերձում, որտեղ առաջարկվում է Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ:

«Դատական ասպարեզում առկա համակարգային մարտահրավերներին դիմակայելու նպատակով Վրաստանը պետք է թեկնածուների եւ ներկայումս դատական համակարգի բոլոր առաջատար պաշտոններում նշանակված անձանց, մասնավորապես՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի, Գերագույն դատարանի եւ դատարանների նախագահների համար ստեղծի բարեվարքության արտակարգ ստուգման համակարգ՝ գործընթացում վճռորոշ դեր ունեցող միջազգային փորձագետների ներգրավմամբ»,– ասվում է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ։

Փաստաթղթում նաեւ ասվում է, որ ԵՄ-ն «շարունակում է սերտ երկխոսություն վարել իշխանությունների հետ եւ պատրաստ է աջակցել այս կարեւոր բարեփոխումների առաջխաղացմանը՝ ի շահ Վրաստանի ողջ ժողովրդի»:

ԵՄ-ն տեխնոլոգիական ոլորտում կանանց զորեղացման նախաձեռնություն է սկսում

Մարտի 22-ին Եվրոպական միությունը Վրաստանում մեկնարկել է «Կանանց մենթորություն տեխնոլոգիական ծրագրերում» նախաձեռնությունը, որը կիրականացվի Թբիլիսիում տեղակայված Բիզնեսի եւ տեխնոլոգիաների համալսարանի (BTU) կողմից:

Ծրագիրն ուղղված է առաջին հերթին Վրաստանում թվային ոլորտում մարդկային կապիտալի (հատկապես՝ կանանց եւ աղջիկների) աճին։

Նախաձեռնությունը երեք շրջափուլերի ընթացքում կներգրավի 1100 շահառու եւ 320 մենթոր՝ մասնակիցների առնվազն մեկ երրորդին մայրաքաղաքից դուրս գտնվող մարզերից ընտրելու միջոցով խթանելով տարածաշրջանային բազմազանությունը: Հինգ ամիս տեւողությամբ մենթորական դասընթացները կկազմակերպվեն հինգ հիմնական տեխնոլոգիական ուղղություններով՝ կիբեռանվտանգություն, front-end ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, թվային մարքեթինգ եւ UX/UI դիզայն:

«Մենք հպարտ ենք աջակցելու «Կանանց մենթորություն տեխնոլոգիական ծրագրերում» նախաձեռնությանը Վրաստանում՝ որպես գենդերային հավասարության եւ թվային ներառման խթանման մեր հանձնառության մաս»,- Թբիլիսիում անցկացված մեկնարկի միջոցառման ժամանակ ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին: «Այսպիսի նախաձեռնություններում ներդրում ունենալով՝ մենք նպատակ ունենք վերացնել ՏՀՏ ոլորտում հմտությունների բացը եւ թվային այս դարաշրջանում զարգանալու հնարավորություն տալ կանանց՝ վերջնարդյունքում նպաստելով Վրաստանի տնտեսական աճին եւ կայունությանը»:

EU4Dialogue-ն օգնում է վերականգնել խմելու ջրի հասանելիությունը Արեւմտյան Վրաստանի ՆՏԱ-ների համար

Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի վրաստանյան գրասենյակի (ՄԱԶԾ Վրաստան) աջակցությամբ վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը Արեւմտյան Վրաստանի` ներքին տեղահանված անձանցով (ՆՏԱ) բնակեցված Տորսա բնակավայրի ընդհանուր առմամբ 42 ընտանիքի համար։

Նախաձեռնությունն իրականացվել է Գյուղական համայնքների զարգացման գործակալության (RCDA) հետ համատեղ՝ «EU4Dialogue» ծրագրի շրջանակներում:

Գյուղի ջրամատակարարման կենսական ենթակառուցվածքների հիմնանորոգմամբ վերականգնվել են ջրային եւ բաշխիչ պոմպերը, տեղադրվել են ջրի ռեզերվուարներ եւ ֆիլտրեր, ինչպես նաեւ ջրի որակի ստուգման համակարգեր: Կատարված աշխատանքի արդյունքում հաջողվել է ջրի կորուստը նվազեցնել ժամում 27 տոննայով:

Ծրագիրը օգնել է նաեւ բարձրացնել տեղի բնակչության եւ իշխանությունների իրազեկությունը ջրի անվտանգության եւ համակարգերի արդյունավետ սպասարկման վերաբերյալ, անցկացրել է ջրային հիգիենայի ուսուցում եւ աջակցել գյուղական ջրային կոմիտեի ստեղծմանը:

ԵՄ-ն կաջակցի Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում մտավոր սեփականության իրավունքների ամրապնդմանը՝ աջակցելով նրանց ԵՄ անդամակցությանը

Մարտի 25-ին Քիշնեւում մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4IP» նոր համագործակցության ծրագիրը՝ ուղղված մտավոր սեփականության (ՄՍ) հիմնահարցերին։

«EU4IP» ծրագիրը կաջակցի Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային՝ ամրապնդելու իրենց ազգային ՄՍ լանդշաֆտը: Այն կկենտրոնանա օրենսդրական շրջանակների կատարելագործման եւ մտավոր սեփականության մասին ԵՄ օրենսդրության հետ դրանց մոտարկման, ՄՍ հաստատություններին եւ ցանցերին աջակցելու, կիրարկման մեխանիզմների շուրջ համագործակցության եւ մասնավոր հատվածին ու ՓՄՁ-ներին ուղղված իրազեկության բարձրացման գործողությունների վրա: Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4 միլիոն եվրո, որն ամբողջությամբ կտրամադրի Եվրոպական միությունը։

Ծրագիրը կիրականացնի Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակը (EUIPO/ԵՄՄՍԳ)՝ Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնի (Սակպատենտի), Մոլդովայի մտավոր սեփականության պետական գործակալության (AGEPI/ՄՄՍՊԳ) եւ Ուկրաինայի մտավոր սեփականության եւ նորարարությունների ազգային գրասենյակի (UANIPIO/ՈՒՄՍՆԱԳ) հետ համագործակցությամբ։

«Մենք ջանք ու եռանդ չենք խնայի յուրաքանչյուր երկրի հատուկ կարիքներին համապատասխան ցանկացած օգնություն տրամադրելու հարցում: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4IP» նախագիծը, որը մենք այսօր մեկնարկում ենք, կաջակցի մեր գործընկեր երկրների իրավական շրջանակների մոտարկմանը մտավոր սեփականության մասին ԵՄ օրենսդրության հետ, կանոնների համաձայնեցմանը, իրավական պաշտպանությանը եւ կիրարկմանը»,- նշել է EUIPO-ի գործադիր տնօրեն Ժոաո Նեգրաոն:

Մարտի 26-ին EUIPO-ն AGEPI-ի հետ ստորագրել է 2024-2025 թվականների համար երկամյա աշխատանքային ծրագիր, իսկ Մոլդովայի տնտեսական հետազոտությունների ակադեմիայի, Թբիլիսիի պետական համալսարանի եւ Վրաստանի տեխնիկական համալսարանի հետ՝ փոխըմբռնման հուշագրեր։ Վերջիններս ԵՄ-ից եւ Եվրոպական արտոնագրային կոնվենցիայից (EPC) դուրս առաջին համալսարաններն են, որոնք համագործակցելու են EUIPO-ի հետ:

Վրաստանում մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Պարենային բանկի ծրագիրը

Մարտի 15-ին Թբիլիսիում մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես Վրաստանում կայուն պարենային համակարգի լծակներ» նոր ծրագիրը։

Ծրագրի մեկնարկային միջոցառմանը մասնակցել են տարբեր պետական, ոչ կառավարական եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը կներկայացնի պարենային բանկի պիլոտային նախաձեռնությունը՝ չվաճառված սննդամթերքը վերաբաշխելով տեղական մակարդակում՝ լուծել պարենային ապահովության հիմնախնդիրը: Այն նաեւ կփորձարկի Սննդամթերքի կորստի եւ թափոնների կրճատման, սննդամթերքի վերականգնման եւ վերաբաշխման մասին նոր օրենքի ազդեցությունը: Օրենքը նպատակ ունի նվազեցնել սննդամթերքի թափոնները, գյուղացիական տնտեսությունների կորուստները եւ ջերմոցային գազերի արտանետումները՝ նվազեցնելով պարենային անապահովության մակարդակը:

Բացի այդ, ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագիրը նպատակ ունի զորեղացնել տեղական քաղաքացիական հասարակության դերակատարներին՝ նպաստելու բնակչության խոցելի շերտերին սննդի տրամադրմանը, տեղացի ֆերմերների հետ համագործակցությանը եւ սննդամթերքի թափոնների ու սննդի կորստի վերաբերյալ իրազեկման արշավների իրականացմանը:

«Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես Վրաստանում կայուն պարենային համակարգի լծակներ» նոր ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ Չեխիայի զարգացման գործակալության կողմից եւ իրականացվում է Վրաստանի Կարմիր խաչի (ՎԿԽ), «Parki ar Minda» ծրագրի (PAM) եւ «Eliots Sustainability» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

2023-ից մինչեւ 2026 թվականը նախատեսված այս նախաձեռնությունը հենվում է սննդամթերքի անվտանգության, թափոնների կառավարման եւ կլիմայի փոփոխության մեղմացման ոլորտներում «Մարդը կարիքի մեջ» (People in Need) ՀԿ-ի եւ Կարմիր խաչի շարժման գլոբալ փորձառության վրա։

Կոչ վրացական ՔՀԿ-ների համար՝ զարգացնելու ապակենտրոնացված, արդյունավետ եւ ներառական կառավարումը մարզերում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Վրաստանում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, հայտարարել է դրամաշնորհային մրցույթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար՝ խթանելու մասնակցային եւ մարդակենտրոն համայնքային ծառայությունների մատուցումը:

Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «EU4ITD. Վրաստանում ապակենտրոնացված, արդյունավետ եւ ներառական կառավարման զարգացում» համատեղ նախաձեռնության շրջանակներում:

Դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել ՔՀԿ-ներին տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ՝ խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը տեղական պլանավորման, ծառայությունների մշակման, մատուցման եւ գնահատման գործում՝ բարելավելու համայնքային ծառայությունների մատուցումը Ռաճա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի, Կախեթի, Իմերեթի եւ Գուրիայի մարզերի համայնքներում։

Դիմելու իրավասություն ունեն Վրաստանում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն թիրախային մարզում/համայնքում առնվազն երկու տարվա գործունեության փորձ, ինչպես նաեւ հաստատված գործընկերություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 12-ը։

Մրցույթ Վրաստանի քաղաքացիների համար. ինչպե՞ս եք հասկանում ԵՄ-ի «Միասնություն բազմազանության մեջ» կարգախոսը

Վրաստանում Եվրոպական պատվիրակությունը հրավիրում է մասնակցել Վրաստանում Ավստրիայի դեսպանատան կողմից մայիսին կայանալիք Եվրոպայի օրվա տոնակատարության կապակցությամբ հայտարարված մրցույթին։

Վրաստանի քաղաքացիներին առաջարկվում է կիսվել ԵՄ-ի «Միասնություն բազմազանության մեջ» կարգախոսի վերաբերյալ իրենց պատկերացումներով:

Կարող եք ուղարկել ձեր մտքերը էլեկտրոնային փոստով մինչեւ ապրիլի 12-ը՝ անդրադառնալով այս կարգախոսին Ավստրիայի, Վրաստանի եւ (կամ) ԵՄ համատեքստում:

Կարող եք պատկերել թեման ցանկացած կերպ: Դա կարող է լինել լուսանկար, նկար, քանդակ կամ նույնիսկ պար:

Հինգ հաղթողները կհրավիրվեն ճաշելու Ավստրիայի եւ ԵՄ դեսպանների հետ:

Բացի այդ, հաղթող ճանաչված մտահղացումները 2024 թվականի մայիսի 11-ին կցուցադրվեն Expo Georgia-ում՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ։

Radio NOR · Մրցույթ Վրաստանի քաղաքացիների համար

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։