Ամերիկյան Forbes պարբերականի հրապարակած միլիարդատերերի 2024թ.-ի ցուցակում 9 հայ կա: Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է՝ 43 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը։ Նա 91 տարեկան է։
«Մագնիտ» առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.3 մլրդ դոլար, 2023թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Նա ընդհանուր ցուցակի 991-րդ հորիզոնականում է։
Գալիցկիին հաջորդում է Էդուարդո Էռնեկյանը՝ 1104-րդ հորիզոնական։ Նրա կարողությունն աճել է 1.1 մլրդ դոլարով և կազմել 3 մլրդ դոլար։
Հաջորդը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է։ Նրա կարողությունը գնահատվել է 2.9 մլրդ դոլար: 2023թ. համեմատ աճ է արձանագրվել։
«Yota» հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմել է 2.9 մլրդ դոլար, նա ցուցակի 1143-րդ հորիզոնականում է։
Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2.1 մլրդ դոլար է։ Նա ցուցակի 1545-րդ հորիզոնականում է։
Քիմ Քարդաշյանը հայտնվել է 1851-րդ հորիզոնականում՝ 1.7 մլրդ դոլար կարողությամբ։
«Fix Price» խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 1.6 մլրդ դոլար՝ 1945-րդ հորիզոնական։
Նուբար Աֆեյանի կարողությունը 1.4 մլրդ դոլար է, նա ցուցակի 2,152-րդ հորիզոնականում է։ 2023թ. համեմատ նրա կարողությունը նվազել է։
Բաքվում կալանավորված Ռուբեն Վարդանյանի կարողությունը նվազել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.1 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2545-րդ հորիզոնականում է։ Գրում է armtimes-ը։