
Գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամ ստացած առաջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։ Վիրահատությունից երկու շաբաթ անց ԱՄՆ Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի բժիշկները հնարավոր են համարել 62-ամյա Ռիք Սլեյմանին տուն ուղարկել:
Սա նմանատիպ առաջին հաջող վիրահատությունն է. մինչ այժմ դրանք իրականացվում էին միայն թեստային ռեժիմով։ Մասնավորապես, 2022 թվականին գիտնականներին (ընտանիքի թույլտվությամբ) հաջողվել է խոզի երիկամներ փոխպատվաստել մի հիվանդի, ում մոտ ուղեղի մահ է ախտորոշվել։
Գիտնականները պրոցեդուրաների հաջողությունը պատմական կարևոր իրադարձություն են անվանել փոխպատվաստման ոլորտում, ասվում է Մասաչուսեթսի համալսարանի՝ Բոստոնի Հարվարդի բժշկական դպրոցի ամենամեծ ուսումնական հիվանդանոցի մամուլի հաղորդագրության մեջ: Փոխանցում է factor.am֊ը։