Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել

Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել

Հասարակ հերպեսի վիրուսը, որպես կանոն, վտանգավոր չէ, սակայն օրգանիզմի իմունային արձագանքի թուլացման դեպքում այն կարող է հայտնվել արյան մեջ ու ախտաբանական ռեակցիաներ առաջացնել։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան, մաշկավեներոլոգ Դարյա Սմիրնովան։

«Հերպեսը շատ վտանգավոր է ՄԻԱՎ-ով, բնածին իմունային անբավարարությամբ, վերջին շրջանում օրգանների փոխպատվաստում անցած հիվանդների և անամնեզում քաղցկեղ ունեցող մարդկանց համար: Այս դեպքերում հերպեսի վիրուսը կարող է հանգեցնել ծանր հիվանդությունների կամ նույնիսկ մահվան»,- նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ հասարակ հերպեսի բարդությունները կարող են առաջին հերթին ցանավորման հատվածում երկրորդական վարակի առաջացման պատճառ դառնալ։

«Օֆտալմոհերպեսը՝ աչքն ախտահարող վարակը, կարող է հանգեցնել տեսողության վատթարացման և նույնիսկ կուրության: Բացի այդ բարձիթողի հերպեսը կարող է դառնալ հերպեսային էնցեֆալիտի և հերպեսային մենինգիտի զարգացման պատճառ, իսկ հղիների դեպքում՝ նորածինների հերպեսային վարակի` հղիության կամ ծննդաբերության ընթացքում երեխայի վարակման: Բացի այդ, հերպեսը կարող է նաև անպտղության պատճառ դառնալ»,- հայտնել է մաշկաբանը։

Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։

«Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կարող են հանգեցնել հերպեսի կրկնության: Դրանց թվում են իմունային անբավարարությունը, քնի պակասը, վիրուսային վարակները կամ բարձր ջերմությունը, իմունոդեպրեսիվ դեղամիջոցների ընդունումը, կանանց մոտ դաշտանի ժամանակ հորմոնալ տատանումները, վիրահատություններն ու քրոնիկ սթրեսը»,- հավելել է մասնագետը։

Tert.am