Կառավարությունը հարկային համաներում է հայտարարում ընտրություններից ամիսներ առաջ

Կառավարությունը հարկային համաներում է հայտարարում ընտրություններից ամիսներ առաջ

Վրաստանի կառավարությունը որոշել է հարկային համաներում հայտարարել ֆիզիկական անձանց համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Բոլոր ֆիզիկական անձինք, ներառյալ անհատ ձեռնարկատերերը, ամբողջությամբ դուրս կգան ճանաչված հարկային պարտքից, որը առաջացել և չի վճարվել մինչև 2021 թվականի հունվարի 1-ը, ներառյալ կուտակված տույժերը։

Ընդդիմությունն այս որոշումը անմիջապես կապեց հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ՝ այն համարելով իշխող կուսակցության հերթական նախընտրական քայլը։

Վրաստանի վարչապետը նշում է, որ կառավարությունն առաջնորդվել է մարդասիրական նկատառումներով ու երկրի տնտեսության շահերով։

«Կան մեծ թվով ֆիզիկական անձինք, ովքեր հարկային պարտքեր ունեն։ Սրա պատճառով նրանք զրկված են տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունից։ Ուստի մենք որոշեցինք դուրս գրել պարտքերը»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով, համապատասխան օրենքի ընդունումից հետո 145 հազար ֆիզիկական անձի համար 590 մլն լարիի հարկային պարտքը դուրս կգա։

«Մեր 145 հազար համաքաղաքացիներ հնարավորություն կունենան ակտիվորեն մասնակցել տնտեսական կյանքին, ինչը կնպաստի տնտեսական զարգացմանը»,- ասել է Կոբախիձեն։