Վրաստանում ԵՄ աջակցությամբ էներգաարդյունավետության արշավին մասնակցելու հրավեր կերպարվեստագետներին

Վրաստանում ԵՄ աջակցությամբ էներգաարդյունավետության արշավին մասնակցելու հրավեր կերպարվեստագետներին

Միացե՛ք մայիսի 11-ին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի օրվա տոնակատարությանը

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է բոլորին մասնակցելու մայիսի 11-ին Թբիլիսիի Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք Եվրոպայի օրվա տոնակատարությանը։

Ամեն տարի մայիսի 9-ին նշվող Եվրոպայի օրը ոգեկոչում է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ռոբերտ Շումանի 1950 թվականի հռչակագիրը, որով նշանավորվում է ներկայիս Եվրոպական միության (ԵՄ) ստեղծման սկիզբը: Վրաստանում Եվրոպայի օրը նշվում է արդեն երկար տարիներ։

Այս տարի այցելուներին սպասում են տարբեր միջոցառումներ, վիկտորինաներ, մրցանակներ, ավանդական ուտեստներ եւ գրավիչ մշակութային ներկայացումներ։

Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրել ԵՄ անդամ երկրների հարուստ մշակույթն ու ավանդույթները, ծանոթանալ Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ դիտորդական առաքելության եւ Վրաստանում ԵՄ աշխատանքին Վրաստանի քաղաքացիների եւ համայնքների շահերից բխող ծրագրերի միջոցով:

Տոնակատարությունների շրջանակում կանցկացվի նաեւ «Լունան եւ հրաբուխների մոլորակը» տիկնիկային ներկայացումը, կկազմակերպվեն արվեստների եւ արհեստների տոնավաճառ եւ տեղական ֆերմերների արտադրանքը ներկայացնող «Վրացական եզակի համ» շուկան։

Եվրոպայի օրը հնարավորություն կտա նաեւ մասնակցել ԵՄ արժեքների, մշակույթի, շրջակա միջավայրի եւ շատ այլ թեմաների շուրջ քննարկումների։

Միջոցառումների բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է ժամը 11։30-ին:

ԵՄ. Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաշրջանառումը լուրջ մտահոգություններ է առաջացնում

Եվրոպական միությունը հայտարարել է, որ Վրաստանում իշխող կուսակցության՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը կրկին շրջանառելու մասին հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել։

Ապրիլի 3-ին հրապարակված հայտարարության մեջ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն ասել է, որ Եվրոպական միությունը հիշեցրել է Վրաստանի կառավարության եւ իշխող կուսակցության նախորդ տարվա հրապարակային խոստումը «անվերապահորեն հետ կանչելու» նման օրենքը: Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ն ափսոսում է, որ այն կրկին քննարկվում է՝ չնայած 2023 թվականի մարտին տեղի ունեցած հասարակական եւ միջազգային հուժկու արձագանքներին:

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը եւ ԶԼՄ-ների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքն է: Դա նաեւ վճռորոշ է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի համար», – ընդգծել է Ստանոն:

Նա նշել է, որ Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է թեկնածուի կարգավիճակ՝ հասկանալով, որ երկիրը ձեռնարկվել է Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականում ամրագրված համապատասխան քայլերը։ Քայլ 9-ը ներառում է Վրաստանին ուղղված հանձնարարական՝ ապահովելու քաղաքացիական հասարակության ազատ գործելու կարողությունը, իսկ Քայլ 1-ը Վրաստանին կոչ է անում պայքարել ԵՄ-ի եւ նրա արժեքների դեմ ապատեղեկատվության դեմ:

«Թափանցիկությունը չպետք է օգտագործվի որպես գործիք՝ սահմանափակելու քաղաքացիական հասարակության ազատ գործելու կարողությունը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին ընդունել եւ իրականացնել բարեփոխումներ, որոնք համահունչ են Եվրոպական միությանն անդամակցելու հայտարարված նպատակին, ինչին աջակցում է Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Առանց թափոնների համաշխարհային օրը՝ Թբիլիսիում

Մարտի 30-ին հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Թբիլիսիի «Մզիուրի» զբոսայգում՝ նշելու Առանց թափոնների համաշխարհային օրը՝ որպես քայլ դեպի Վրաստանում ավելի մաքուր, կանաչ եւ առողջ ապրելակերպ:

Միջոցառումը կազմակերպել էր Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN)՝ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ ու Եվրոպական միության, Նորվեգիայի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ:

Մեկօրյա միջոցառման հյուրերը, մասնակիցները եւ կազմակերպիչները ներգրավվել են կայուն գործելակերպը խթանող ինտերակտիվ եւ կրթական գործողությունների մեջ։

Միջոցառումը ներառում էր երեխաների ու մեծահասակների համար նախատեսված խաղեր եւ վիկտորինաներ, ինչպես նաեւ վրացական ընկերությունների կողմից կիրառվող բնապահպանական գործելակերպերը ներկայացնող բիզնես տոնավաճառ։

Այգում տեղադրվել էին նաեւ հագուստի եւ գրքերի վերաբաշխման համար նախատեսված փոխանակման անկյուններ, ինչպես նաեւ վերամշակման եւ տեսակավորման կայաններ:

«Զրոյական թափոնի գաղափարը ենթադրում է ցանկացած տեսակի թափոնի վերամշակում եւ նոր ռեսուրսի վերափոխում: Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (EPR) համակարգի միջոցով թափոնների կառավարման ժամանակակից գործելակերպեր են ներդրվել հետեւյալ չորս ուղղությամբ՝ անվադողեր, մարտկոցներ եւ կուտակիչներ, էլեկտրական եւ էլեկտրոնային սարքավորումներ, յուղեր: Այս գործընթացի հանրային իրազեկվածությունը եւ մասնակցությունը խթանելը կարեւոր է»,- ասել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Իրմա Գուրգուլիանին:

Culture Moves Europe. Հայաստանը ներկայացնող երկու կազմակերպություն ընտրվել են հյուրընկալության նախագիծ իրականացնելու համար

ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից ֆինանսավորվող «Culture Moves Europe» նախագիծն ամփոփել է արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների հյուրընկալության իր երկրորդ հայտամրցույթի արդյունքները՝ ընտրելով 114 մշակութային կազմակերպություն, որից երկուսը՝ Հայաստանից, իսկ մեկը՝ Վրաստանից։

Դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1,8 միլիոն եվրո, ընդ որում՝ յուրաքանչյուր նախագծի համար նախատեսված է առանձին դրամաշնորհ՝ կախված դրա տեւողությունից (22-ից 299 օր) եւ հրավիրված արվեստագետների թվից:

Ընտրված նախագծերը նախատեսում են հյուրընկալել «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի տարբեր երկրներ ներկայացնող 449 արվեստագետների եւ մշակութային մասնագետների։ Նրանք կընտրվեն ընթացակարգի երկրորդ փուլի ընթացքում:

Հյուրընկալության նախագծեր կանցկացվեն «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի 35 տարբեր երկրներում:

Ամենաշատ ընտրված նախագծերն ունեցող ոլորտներն են՝ տեսողական արվեստը, երաժշտությունը եւ կատարողական արվեստը։ Մշակութային ժառանգության, դիզայնի եւ նորաձեւության դիզայնի, գրականության եւ ճարտարապետության ոլորտներին բաժին է հասնում ընտրված նախագծերի 30%-ից մի փոքր ավելին՝ բոլորը միասին վերցրած: Ընտրված հյուրընկալող կազմակերպությունների մեկ երրորդը դիմել է «Նոր եվրոպական Բաուհաուզի» հետ համագործակցող նախագծերի համար:

Հայաստանից ընտրված նախագծերը կիրականացնեն «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը՝ երաժշտական ոլորտում, եւ «Արտ բազիսը»՝ վիզուալ արվեստի ոլորտում: Վրաստանի ազգային հիմնադրամն էլ հյուրընկալության նախագիծ կիրականացնի գրականության ոլորտում:

Ընտրված կազմակերպությունները մինչեւ հունիսի 15-ը պետք է հաստատեն հրավիրյալ արվեստագետների անունները, իսկ առաջին նախագծերը կարող են մեկնարկել արդեն ապրիլի սկզբին:

Նշված նախագծերին մասնակցել ցանկացող արվեստագետների համար ապրիլի 5-ին եւ 12-ին կկազմակերպվեն հյուրընկալող կազմակերպությունների մասնակցությամբ առցանց հանդիպումներ:

Ներկայումս բաց է «Culture Moves Europe» նախագծի հայտարարած արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների հյուրընկալության երրորդ հայտամրցույթը։ Այն բաց է «Ստեղծարար Եվրոպայի» 40 երկրներից մեկում գրանցված եւ գործող կազմակերպությունների համար: Հայտամրցույթի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի մինչեւ 5 միջազգային արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների հյուրընկալության 22-ից 180 օր տեւողությամբ նախագծերին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը։

Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի

Մարտի 26-ին Եվրոպական միության խորհուրդը Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ Վրաստան) նոր ղեկավար է նշանակել։

Գեներալ-մայոր Բեթինա Բուգանին կպաշտոնավարի 2024 թվականի մարտի 21-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 14-ը: Նա Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի սպա է, որը մեծ փորձ ունի միջազգային հարաբերություններում եւ կայունացնող առաքելություններում:

Նախկինում նա տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ում եւ Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայում, ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարությունում: Բոլորովին վերջերս նա ներգրավված էր զգայուն քաղաքական եւ անվտանգության համատեքստերում հակամարտությունների կանխարգելման, միջնորդության եւ խաղաղության պահպանման գործում՝ որպես MINUSMA-ի (Մալիում ՄԱԿ-ի բազմաչափ ինտեգրված կայունացման առաքելություն) ոստիկանության հանձնակատար։

Այս պաշտոնում Բեթինա Բուգանին փոխարինել է Դիմիտրիոս Կարաբալիսին։

ԵՄԴԱ Վրաստանը անզեն քաղաքացիական դիտորդական առաքելություն է, որը բաղկացած է ԵՄ անդամ երկրների ավելի քան 200 դիտորդներից: Այն տեղակայվել է 2008 թվականի հոկտեմբերին՝ ԵՄ-ի միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ի վեց կետանոց համաձայնագրից եւ 2008 թվականի սեպտեմբերի 8-ի հետագա միջոցառումների իրականացման մասին համաձայնագրից հետո, որով վերջ դրվեց Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությանը:

Առաքելության մանդատը ներառում է կայունացման, նորմալացման եւ վստահության ամրապնդման, ինչպես նաեւ ԵՄ-ին զեկուցման գործառույթներ՝ եվրոպական քաղաքականության մշակմանն իրազեկ պահելու եւ այդպիսով տարածաշրջանում ԵՄ ապագա ներգրավվածությանը նպաստելու համար:

EFSE-ն ընդլայնում է Bank of Georgia-ի հետ իր գործընկերությունը՝ 20 միլիոն եվրո վարկային ներդրումների միջոցով

Փետրվարի 26-ին Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հայտարարեց իր երկարամյա ռազմավարական գործընկերոջը՝ Bank of Georgia-ին 10 տարի ժամկետով ստորադաս վարկի միջոցով 20 միլիոն եվրո տրամադրելու մասին։


Ներդրումների նպատակն է ամրապնդել Bank of Georgia-ի կապիտալի դիրքը, ինչը հնարավորություն կտա մեծացնել միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորումը: Մասնավորապես, այն կաջակցի կայուն եւ կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ընկերություններին՝ նպաստելով Վրաստանում բիզնեսի աճին, գենդերային հավասարության խթանմանը եւ կայուն զարգացման առաջմղմանը։

«ՄՓՄՁ-ները նշանակալի դեր են խաղում վրացական տնտեսության մեջ, եւ մենք հպարտ ենք, որ այս ներդրումով նպաստում ենք երկրի կայուն եւ ներառական տնտեսական աճին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային շուկաներում նրա ինտեգրմանը»,- ասել է EFSE-ի տարածաշրջանային տնօրեն Օքսանա Բինզարուն:

«Այս մեխանիզմը մեզ հնարավորություն է տալիս շարունակել հզորացնել մեր հաճախորդներին՝ միաժամանակ պահպանելով կապիտալի ամուր դիրքը», – ասել է Bank of Georgia-ի գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն:

Վարշավայի Եվրաատլանտյան ամառային ակադեմիան հրավիրում է մասնակիցների Արեւելյան գործընկերության երկրներից

Վարշավայի Եվրաատլանտյան ամառային ակադեմիան (WEASA) սկսել է իր 2024 թվականի դասընթացների մասնակցության ընդունելությունը, դրանք կանցկացվեն ս.թ. հուլիսի 1-ից 10-ը Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսում (Վարշավա, Լեհաստան)։

WEASA-ն ամենամյա ամառային դպրոց է Արեւելյան գործընկերության եւ Արեւմտյան Բալկանների երկրների միջին օղակի մասնագետների համար: Այն հիմնադրվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսի, Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամի եւ Միացյալ Նահանգների գերմանական Մարշալի հիմնադրամի համագործակցությամբ:

Այս տարվա ակադեմիայի թեման է ճգնաժամային ժամանակներում եվրաատլանտյան ինտեգրումը։ Այն հնարավորություն կտա քննարկել եվրոպական ընդլայնմանը, անվտանգությանը եւ աշխարհաքաղաքականությանը վերաբերող արդի հարցեր, փոխանակվել փորձով եւ գտնել ընդհանուր լուծումներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն եվրաատլանտյան ինտեգրմանը: WEASA 2024-ը նաեւ կօգնի մասնակիցներին զարգացնել նոր հմտություններ եւ ավելի իրազեկ լինել եվրաինտեգրման ընթացքում իրենց երկրներին հանդիպող մարտահրավերների մասին: Ծրագիրը ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, բանավեճեր եւ անհատական հմտությունների զարգացման դասընթացներ:

WEASA-ն հրավիրում է որպես քաղաքականության վերլուծաբան, փորձագետ, խորհրդատու, քաղաքացիական ծառայող, լրագրող, մասնավոր հատվածում եւ ՀԿ ոլորտում աշխատող միջին օղակի մասնագետների, ովքեր հանդիսանում են Արեւելյան գործընկերության եւ Արեւմտյան Բալկանների երկրների քաղաքացի եւ ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձ։

Կազմակերպիչները կհոգան մասնակիցների ճանապարհածախսը՝ մինչեւ 350 եվրոյի չափով: Ամառային ակադեմիայի ողջ տեւողության ընթացքում կեցության եւ սննդի ծախսերը եւս ամբողջությամբ կհոգան կազմակերպիչները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 26-ը։

էներգաարդյունավետության արշավին մասնակցելու հրավեր կերպարվեստագետներին՝ Վրաստանում ԵՄ աջակցությամբ

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցության ծրագիր՝ ի աջակցություն Վրաստանի էներգետիկայի ոլորտի բարեփոխումների ծրագրի (GESRP)» նախագիծը վրացի կերպարվեստագետներին հրավիրում է միանալու իր էներգաարդյունավետության արշավին:

Ակնկալվում է, որ արվեստագետներն արվեստի միջոցով կբարձրացնեն հասարակության իրազեկությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի դերի մասին:

Մասնակցել կարող են 18 տարին լրացած եւ ավելի բարձր տարիքի դիմորդները՝ ներկայացնելով իրենց նախագծի գաղափարը հետեւյալ անվանակարգերում՝ գեղանկարչություն, քանդակ, տեսանյութ/տեսաինստալացիա կամ ինֆոգրաֆիկա/պատկերազարդում:

Եզրափակիչ փուլի համար յուրաքանչյուր անվանակարգից կընտրվի երեք արվեստագետ, որոնցից յուրաքանչյուրը կստանա 2,000 լարի դրամաշնորհ (ներառյալ հարկերը)՝ իր ստեղծագործական գաղափարին վերջնական տեսք տալու համար։

Ընտրված ստեղծագործությունները կցուցադրվեն արշավին նվիրված միջոցառմանը: Ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի հունիսին, այն համընկնում է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա հետ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 10-ը։

Արշավն իրականացնում է GOPA Intec-ը՝ CENN-ի հետ համագործակցությամբ եւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության աջակցությամբ։

Եվրոպական համերաշխության կորպուս. երկարաժամկետ կամավորության հնարավորություն Ֆրանսիայի հարավում

Ֆրանսիայի հարավում գտնվող Գայակ քաղաքի Երիտասարդության եւ մշակույթի կենտրոնը (Maison des jeunes et de la Culture de Gaillac) հրավիրում է կամավորների, այդ թվում՝ Հայաստանից, երկարաժամկետ կամավորական գործունեության համար: Այն տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2025 թվականի հուլիսի 27-ը։

Կամավորը կմասնակցի կենտրոնի՝ եվրոպական արժեքների ու մշակույթի տարածմանն ուղղված երիտասարդական եւ մշակութային միջոցառումներին: Նա կնպաստի եվրոպական եւ միջազգային շարժունակության տարբեր ծրագրերին, կկազմակերպի հանդիպումներ եւ փոխանակումներ ամբողջ տարածքում եւ հատկապես գյուղական վայրերում տեղական մշակութային միջոցառումների ժամանակ (Polyglot ակումբ, Եվրաֆեստ…) եւ կկազմակերպի կամավորի հայրենի երկրի մշակութային հարստությունը (երաժշտություն, խոհարարություն, ճարտարապետություն, գրականություն) խթանող մանկական միջոցառումներ։

Կամավորը կմասնակցի նաեւ Երիտասարդության եւ մշակույթի կենտրոնի միջոցառումներին՝ ներառյալ քաղաքային փառատոնն ու ճամփորդությունները, ինչպես նաեւ կկառավարի կառույցի հաշիվները սոցիալական ցանցերում:

Կամավորները կապրեն Գայակի մոտակայքում գտնվող բնակարանում: Յուրաքանչյուր կամավոր ամսական կստանա մոտավորապես 400 եվրո՝ սննդի, տրանսպորտի եւ գրպանի ծախսերը հոգալու համար:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 22-ը։

Asya Isoyan · Վրաստանում ԵՄ աջակցությամբ էներգաարդյունավետության արշավին մասնակցելու հրավեր

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։