Նինոծմինդայում մի քանի օր է, ինչ բնակչությանը պղտոր ջուր է մատակարարվում։
Նինոծմինդայում աշխատանքներ են տարվում ջրամատակարարման համակարգի վերականգնման ուղղությամբ, և վերջին օրերին բնակչությանը պղտոր ջուր է մատակարարվում։ Ըստ Նինոծմինդայի բնակիչների՝ որոշ տեղերում ջուրը պղտոր է արդեն 3 օր, որոշ տեղերում՝ 2 շաբաթից ավելի։ Ազատության, Տերյան և Գայի փողոցներում նկատվում է ջրի «դեղնավուն» երանգ։
Պղտոր ջրի մատակարարման պատճառով քաղաքի բնակիչները ստիպված են ջուրը տուն բերել այն աղբյուրից, որտեղ այն մաքուր է, կամ գնել խանութներից: «Սպանդարյան փողոցից 5 լիտրանոց տակառով ջուր եմ բերում տուն, մաքուր ջուր է»,- ասում է Ազատության փողոցի բնակիչ Ազա Բաբայանը։
Առավել մանրամասն մեր աուդիո ձայնագրության մեջ.
Այս հարցով դիմեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղին։ Ընկերությունից հայտնում են, որ ներկայումս աշխատանքներ են տարվում ջրամբարների վերականգնման ուղղությամբ, ինչը կարող է ջրի պղտորման պատճառ դառնալ։ Ընկերությունից նշում են, որ չեն կարող ընդհանրապես ջուրն անջատել ու բնակչությանը թողնել առանց ջրի։ Հարկ է նշել նաև, որ ջուրը պարբերաբար ենթարկվում է լաբորատոր հետազոտությունների և որևէ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար։