Երիտասարդները իրենց համերաշխությունն են հայտնում NOR ռադիոկայանին

Երիտասարդները իրենց համերաշխությունն են հայտնում NOR ռադիոկայանին

Նինոծմինդայի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտ է ստեղծում NOR ռադիոկայանի լրագրողների համար և չի թույլատրում առանց «հրավեր»  մուտք գործել քաղաքապետարան։

Այս կապակցությամբ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել «Երիտասարդները հանուն ժողովրդավարական փոփոխությունների»  կազմակերպությունը։ Գրառման մեջ ներկայացվում է խնդիրը և ասվում

«Համաձայն քաղաքապետարանի որոշման և գործող կանոնի՝ նշված լրատվամիջոցի (NOR) ներկայացուցիչները հանրային տեղեկատվություն ստանալու հարցով պետք է դիմեն քաղաքապետարանի մամուլի ծառայություն, իսկ քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող տեղական հեռուստատեսությունը ազատորեն աշխատում է քաղաքապետարանում։ Նաև քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հետաձգում է տեղեկատվության տրամադրման գործընթացը, ինչը խոչընդոտում է լրագրողի աշխատանքին։

«Երիտասարդները հանուն ժողովրդավարական փոփոխությունների»  կազմակերպության երիտասարդ անդամները իրենց համերաշխությունն են հայտնում NOR ռադիոկայանին, որին չի թույլատրվում օբյեկտիվ և սպառիչ կերպով լուսաբանել տեղեկատվությունը:

Նշենք, որ Նինոծմինդայի քաղաքապետարանը չի արձագանքում մեր կազմակերպության՝ իրենց հետ հանդիպման խնդրանքին։ Հանդիպման ամսաթվի հետ կապված մեր նամակն արդեն մի քանի շաբաթ անպատասխան է մնում։

Կոչ ենք անում Նինոծմինդայի քաղաքապետարանին անկախ լրատվամիջոցներին օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն ստանալու և հաղորդելու հնարավորություն տալ, ինչպես նաև ներդնել հանրային տեղեկատվության ժամանակին տրամադրման պրակտիկա՝ ընդհանուր վարչական կանոններով սահմանված կարգով»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Վրաստանի լրագրողների էթիկայի հանձնաժողովը ևս կոչ է անում Նինոծմինդայի քաղաքապետարանին չսահմանափակել լրագրողների մուտքը հասարակական շենքեր, հատկապես, երբ լրագրողը լուսաբանում է հանրության համար կարևոր խնդիրներ, որոնք վերաբերում են նրանց կենսամիջավայրին և առօրյային։