Սերոբ Արարատի Անանիկյանը Նինոծմինդայից է: «Իզմիրլյան» ԲԿ-ի անոթային վիրաբույԺ՝ նա խոսել է վարիկոզի առաջացման պատճառների և դրանց բարդացումների կանխարգելումների մասին:
Ամռանը սրվում են անոթային հիվանդությունները: Շոգի պայմաններում սակայն, վերջույթների այտուցվածություն և հոգնածության զգացում կարող են ունենալ բոլորը, անգամ նրանք, ովքեր չունեն նման հիվանդություններ:
Վարիկոզի առաջացման պատճառները և ախտանիշները
Անանիկյանի խոսքով, երակների վարիկոզային լայնացումը բավական տարածված հիվանդություն է, որը առավել հաճախ կանանց մոտ է հանդիպում: Վերջույթների վրա կապույտ կամ կարմիր երանգ ունեցող «սարդոստայնները կամ ցանցերը» ստեղծում են ոչ միայն կոսմետիկ խնդիրներ: Վարիկոզի ժամանակ ցավերը բնութագրվում են օրվա վերջում մկանների շրջանում տհաճ զգացումներով, ծանրության, հոգնածության զգացումներով, այտուցվածությամբ, ոտքերի անզգայացմամբ: Հիվանդության զարգացման ուղեկցող գործոն կարող է հանդիսանալ ժառանգականությունը, ճարպակալումը, կենսակերպը, ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հորմոնային միջոցների ընդունումը, մկանների ճողման կամ կոտրման արդյունքում ստացված վնասվածքները, ծննդաբերությունը:
«Կանգնած երկար ժամանակ մնալու դեպքում, այսինքն կայուն ծանրաբեռնվածություն ունեցող մարդկանց մոտ, վարիկոզային լայնացում ավելի հաճախ է առաջանում: Խոսքը, օրինակ, վարսահարդարների, ուսուցիչների, խոհարարների, վիրաբույժների, վաճառողների և այլ մասնագետների մասին է, որոնք իրենց աշխատանքային ժամանակի մեծ մասը կանգնած են անցկացնում»,-պարզաբանում է անոթային վիրաբույժը:
Բժշկի խոսքով, անհարմար և ճնշող, սեղմող հագուստի և կոշիկների կրումը կարող է զգալիորեն բարձրացնել վարիկոզի զարգացման ռիսկը:
Հիվանդության բարդությունների կանխարգելման միջոցները
Վարիկոզային հիվանդությունների բարդացման կանխարգելման համար անոթաբանը խորհուրդ է տալիս մարմնամարզությամբ զբաղվել, սակայն ոչ սպորտով, որտեղ ծանրաբեռնվածության աստիճանը չափազանց մեծ է:
«Հարկավոր է ամեն օր լիցքաթափող մարմնամարզություն կատարել, որն ուղղված է սրունքի մկանների ակտիվացմանը: Վարժություններն ավելի լավ է կատարել քնից առաջ, ապա եզրափակել օրը ոտքերի կոնտրաստային ցնցուղով: Բացի այդ, նպատակահարմար է քնի ժամանակ ոտքերի տակ փոքր բարձ դնել, ոտքերը 10-15 սմ բաձրացնել»,-պարզաբանում է Սերոբ Անանիկյանը:
Նրա խոսքով, խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ ներառել մրգեր ու բանջարեղեն, խուսափել շատ աղի և բարձր սպիտակուցային սննդի օգտագործումից, նվազեցնել շոգեբաղնիք այցելությունները, արևայրուք չընդունել, կրել հարմար կոշիկներ:
Վարիկոզը հղիության շրջանում և դրանից հետո
Հղիության ժամանակ էլ վարիկոզային հիվանդության առաջին նախանշանները ի հայտ են գալիս կանանց մոտ 50 տոկոսի մոտ, կրկնակի հղիությունների ժամանակ՝ 70-80 տոկոսի մոտ:
«Հղիներին անհրաժեշտ է պահպանել դիետա, ոտքերի որոշակի մարզումներ անել, ակտիվ կենսակերպ վարել, երկար չնստել կամ չկանգնել»,-ասում է Սերոբ Անանիկյանը:
Անոթային վիրաբույժի խոսքով, որպես կանոն, ծննդաբերությունից հետո երակների վիճակը վերադառնում է նորմային, սակայն որոշ դեպքերում, երբ առկա են լրացուցիչ ռիսկի գործոններ՝ ժառանգական նախատրամադրվածություն, ավելորդ քաշ, պասիվ կենսակեպ, երակների լայնացումը չի անցնում և յուրաքանչյուր հաջորդ հղիության հետ հիվանդության հետագա զարգացման հնարավորությունն ավելանում է: