Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով։ 2024 թվականի հունվարի դրությամբ՝ երկրի ընդհանուր բնակչությունը կազմել է 3 մլն 694 հազար 600, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվայալներից:
Քաղաքային բնակավայրերում բնակվում է ընդհանուր բնակչության 61 տոկոսը, իսկ Թբիլիսիում՝ ավելի քան մեկ երրորդը։
Այս տարվա հունվարի դրությամբ 0-14 տարեկան բնակչության տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմում է 19,5 տոկոս, աշխատունակ տարիքի բնակչության տեսակարար կշիռը (15-64 տարիքային խումբ)՝ 64,3 տոկոս, իսկ 65 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը կազմում է 16,2 տոկոս:
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ տղամարդկանց թիվը կազմել է 1 մլն 774 հազար 500, կանանցը՝ 1 մլն 920 հազար 100։ Երկրի բնակչության 48 տոկոսը տղամարդիկ են, իսկ 52 տոկոսը՝ կանայք։
Նախորդ տարվա համեմատ՝ 2023 թվականին կյանքի տեւողությունն աճել է 1,3 միավորով և կազմել 75 տարի, այդ թվում՝ տղամարդկանց համար՝ 70,6, կանանցը՝ 79,4 տարի։
2023 թվականին արտագաղթողների թիվը կազմել է 245 հազար 064՝ տարեկան կտրվածքով աճելով 95,6 տոկոս, իսկ ներգաղթյալների թիվն աճել է 14,5 տոկոսով՝ հասնելով 205 հազար 857-ի։ Անցած տարի Վրաստանից արտագաղթածներից 163 հազար 480-ը Վրաստանի քաղաքացիներ են։ Նրանցից 91 հազար 896-ն է վերադարձել երկիր։ aliq.ge