Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր

Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր

Քիմիայի Նոբելյան մրցանակակիր Թոմաս Լինդալն ասել է, թե ինչից է առաջանում քաղցկեղը։ Նրա խոսքով՝ քաղցկեղի հիմնական պատճառը ոչ թե ճառագայթումն է, ուլտրամանուշակագույն ճառագայթները կամ քաղցկեղածինները, այլ կենդանի բջջում կատարվող բնական պրոցեսները։

Բջջի կյանքի ընթացքում դրանում տեղի են ունենում բազմաթիվ պրոցեսներ, եւ դրանցից երկուսը՝ թթվածնի մոլեկուլների ներթափանցումը եւ նրա ագրեսիվ միացությունը միջուկում ու ջրի մոլեկուլների ազդեցությունը ԴՆԹ պարույրի վրա, կարող են առաջ բերել «վրիպակներ» գենային կոդում։ Դա էլ հանգեցնում է չարորակ ուռուցքների առաջացմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Լինդալին։

Թթվածինը եւ ջուրը կարեւոր դեր են խաղում օրգանիզմի գործունեության համար, եւ հենց թթվածնի ագրեսիվ միացություններն ու հիդրոլիզն են առաջացնում քաղցկեղ։ Այդ գործոնները չի կարելի վերացնել, ուստի քաղցկեղը, ըստ էության, չի կարելի հաղթել, կարծում է Լինդալը։ Կարելի է միայն դեղեր ստեղծել, որոնք ավելի արդյունավետ ու անվտանգ կվերացնեն ուռուցքները, ինչպես նաեւ կփոքրացնեն քաղցկեղի առաջացման մնացած մյուս գործոնները, օրինակ՝ հրաժարվել ծխելուց, քանի որ ծխախոտի ծխի նյութերը ազդում են բջիջների վրա ճիշտ նույն կերպ, ինչ եւ թթվածնի ագրեսիվ միացությունները։

Լինդալը կասկածում է, որ մարդկությունը երբեւէ կսովորի «նորոգել» մուտացիաները բջիջներում։ ԴՆԹ ռեպարացիայի բազմաթիվ մեխանիզմներից մեկի աշխատանքի սկզբունքները բացահայտելու համար ավելի քան տասը տարի է անհրաժեշտ եղել, նշել է նա։ Իսկ բնությունը կատարելագործել է այդ մեխանիզմները միլիարդավոր տարիներ։ Հազիվ թե հնարավոր լինի մտածել ինչ-որ բան, որն արդեն փորձարկվել է եւ խոտանվել, կարծում է Նոբելյան դափնեկիրը։

Թոմաս Լինդալը (Շվեդիա) քիմիայի գծով 2015 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներից է։ Նա ու նրա ամերիկացի գործընկերները՝ մոլեկուլյար քիմիկոսներ եւ կենսաբաններ Փոլ Մադրիչը եւ Ազիզ Սանջարը, բացահայտել են ԴՆԹ ռեպարացիայի մեխանիզմը (գենետիկ կոդի «նորոգում» բջջային մակարդակով)։

Լինդալին է պատկանում հիմքերի էքսցիզիոն ռեպարացիայի մեխանիզմի հայտնագործությունը։ Այդ պրոցեսին մասնակցող ֆերմենտները «գտնում» են ԴՆԹ «վրիպակով» հատվածը, կտրում այն, իսկ հետո դրանում ներկառուցում սպիտակուցների համադրություն՝ ստեղծված ԴՆԹ չվնասված շղթայի նմուշով։ Այդկերպ օրգանիզմը խուսափում է ԴՆԹ բջիջներում ամենօրյա հազարավոր մուտացիաներից։