Էքսետերի, Բրիստոլի համալսարանների (Մեծ Բրիտանիա) եւ Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ յուղալի, քաղցր եւ կալորիական սննդի չարաշահումը մանուկ հասակում հանգեցնում է զարկերակների ռիգիդության (կոշտության) ավելացման, ինչը բարձրացնում է ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը երիտասարդ տարիքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Nutrition-ում։
Հետազոտության առաջին փուլի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են յոթ տարեկանից վեր ավելի քան 4 700 կամավորների սննդային սովորությունները եւ ընդհանուր սննդաբաժինը։ Երբ մասնակիցները հասել են 17 տարեկանի, հետազոտողները գնահատել են նրանց զարկերակների կոշտությունը պուլսային ալիքի չափման միջոցով։ Դա ձիգ անոթի ալիքն է սրտի հրման ազդեցության տակ, որը նրան արյուն է մղում։
Արդյունքները ցույց են տվել, որ մանուկ հասակում ավելի շատ յուղալի, քաղցր եւ կալորիական մթերքներ օգտագործած մասնակիցների զարկերակներն ավելի ռիգիդ են եղել, քան նրանց մոտ, որոնց կերակրացանկում բավականաչափ քանակությամբ բանջարեղեններ, մրգեր, ձավարեղեն, ձուկ եւ լոբազգիներ են եղել։ Հակաբորբոքային բուսական մթերքների (հատապտուղներ, բանջարեղեններ, սերմեր, ընկույզներ, համեմունքներ) օգտագործումը 10 տարեկանում լրացուցիչ հանգեցրել է զարկերակների կոշտության նվազման։
Գիտնականները նշել են, որ զարկերակների կոշտությունը ինֆարկտի եւ ինսուլտի առանցքային հրահրողներն են։ Զարկերակների պատերի աստիճանական կոշտացման պրոցեսը եւ սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկը ծերացման բնական պրոցեսի մասն են։ Այնուամենայնիվ, ճիշտ չսնվելը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կարող է վնաս պատճառել առողջությանն արդեն երիտասարդ տարիքում։