Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա և Ջիգրաշեն գյուղերում արդեն մի քանի տարի է առկա է խմելու ջրի խնդիրը։ Հատկապես ամռանը ժամերով, նույնիսկ օրերով խմելու ջուր չի լինում։ Բնակիչները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել այս խնդրի վերաբերյալ։
Խմելու ջրի բարելավման համար Նինոծմինդայի մունիցիպալիտետը նախատեսել էր Օրոջալարից դեպի Ղաուրմա և Ջիգրաշեն գյուղեր ջրատարի անցակցում, որի աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի հոկտեմբերի վերջին։
Հետևողական լինելով այս խնդրին նկատեցինք, որ աշխատանքները ձմռանից հետո դեռևս չեն շարունակվում։
Թե երբ կվերսկսվեն և որ փուլում են գտնվում վերոնշյալ աշխատանքները, այս և այլ հարցերով դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան։ Վերոնշյալ հարցերի շուրջ տեղեկություն իմանալու համար NOR ռադիոկայանի լրագրողին կրկին թույլ չտվեցին մուտք գործել այնտեղ։
Մանրամասները՝ տեսանյութում․
Այս հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք նաև Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ։
Նրա խոսքով․ «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն արդեն հաջորդ շաբաթ Ղաուրմա և Ջիգրաշեն գյուղերի խմելու ջրի բարելավման աշխատանքները կվերսկսվեն»։
Հիշեցնենք, որ հատկացված գումարը կազմում է 1 825 091 լարի, մրցույթը շահել է “ემ- სი გრუპი” ընկերությունը 1 817 791 լարիով։ Ծրագիրը նախատեսված է 2 տարվա համար, որը ներառում է ջրատարի անցկացում Սաղամո գյուղից դեպի Մեծ Արագյալ և Սաթխա, ինչպես նաև Օրոջալար գյուղից դեպի Ղաուրմա և Ջիգրաշեն գյուղեր։ 2023 թվականի բյուջեից նախատեսված գումարը կազմում է 1 224 850 լարի, 2024 թվականի բյուջեից՝ 600 241 լարի, որից 80,44%-ը կտրամադրվի տեղական բյուջեից, իսկ 19,56%-ը՝ պետական բյուջեից։
Կարդացեք նաև՝