Ալերգիաները հիվանդությունների մի խումբ են, որոնց հիմքում ընդհանուր պաթոլոգիական գործընթացն է, որը դրսևորվում է որևէ նյութի հանդեպ օրգանիզմի գերզգայունությամբ: Արդյունքում՝ իմունային համակարգը սկսում է ընկալել այդ նյութը որպես վտանգավոր տարր և ի հայտ են գալիս համապատասխան պաշտպանական ռեակցիաներ՝ քթի փակվածություն, ցան և այլն:
Ալերգիաների դեպքում այս ախտանշանները շատ ավելի ինտենսիվ են լինում, իսկ արյան մեջ արտադրվում են նյութեր, որոնք լայնացնում են անոթները, գրգռում են նյարդային վերջավորությունները և կծկում են բրոնխների պատերում գտնվող մկանները
Ալերգիան կարող է դրսևորվել տարբեր կերպ՝ կախված առավել շատ ախտահարվող օրգանից: Այն կարող է ախտահարել աչքերը (ալերգիկ շաղկապենաբորբ), քթի լորձաթաղանթը (ալերգիկ ռինիտ), բրոնխները (բրոնխիալ ասթմա) կամ մաշկը (եղնջացան): Բացի այդ, ալերգիկ ռեակցիաների տարբեր տեսակներ կարող են նաև համատեղվել:
Ալերգիաների առաջացման հիմնական պատճառներն են.
1. ժառանգական հակվածությունը,
2. աշխատանքային միջավայրի կամ կենցաղի ալերգենները,
3. էկոլոգիական անբարենպաստ պայմանները,
4. ծխախոտի չարաշահումը,
5. վերին շնչառական ուղիների վարակները,
6. աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաները:
Ալերգիաները կարող են դրսևորվել տարբեր ախտանշաններով: Դրանցից ամենատարածվածներն են.
1. երկարատև հարբուխը,
2. քթաըմպանում քորի զգացողությունը,
3. կոպերի կարմրությունն ու քորը,
4. առատ արցունքահոսությունը,
5. այտուցները,
6. շնչառության դժվարացումը:
Նման ախտանշանների դեպքում հարկավոր է անպայման դիմել բժկին, քանի որ հիվանդությունն ախտորոշվում է միայն համապատասխան բուժզննումից, հարցումից և մի շարք յուրահատուկ թեստերից ու անալիզներից հետո:
Ալերգիաների բուժման համար կիրառվում է երկու մեթոդ՝ սիմպտոմատիկ բուժում և պաթոգենետիկ: Միայն ախտանշաններից ազատվելու համար, որպես կանոն, նշանակվում են հակահիստամինային դեղամիջոցներ, սակայն խնդիրն այն է, որ դրանք չեն օգնում ազատվել խնդրից:
Հիվանդությունից ազատվելու համար նշանակվում է յուրահատուկ իմունոթերապիա, որը ճնշում է ալերգիկ ռեակցիաների համար պատասխանատու մեխանիզմները: Այս թերապիաներն անցկացվում են միայն բժշկի հսկողության տակ, քանի որ դրանց ընթացքում մասնագետները փորձում են բուժել ալերգիան հենց այն ալերգենի միջոցով, որն էլ առաջացնում է նման պաթոլոգիական ռեակցիա:
Հարկ է հիշել, որ ալերգիային բնորոշ ախտանշանները կարող են պայմանավորված լինել նաև մի շարք այլ վտանգավոր հիվանդություններով, ուստի ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար: Բացի այդ, շատ կարևոր նշանակություն ունի նաև իմունային համակարգի ամրապնդումն ու առողջ կենսակերպը, ինչը կօգնի առհասարակ կանխարգելել ալերգիկ ռեակցիաները:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru