Վետո կիրառելով՝ ես չեմ մտնի կեղծ, արհեստական բանակցությունների մեջ, երբե՛ք․ Սալոմե Զուրաբիշվիլի

Վետո կիրառելով՝ ես չեմ մտնի կեղծ, արհեստական բանակցությունների մեջ, երբե՛ք․ Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ոչ մի կեղծ ու խաբուսիկ բանակցությունների մեջ չի մտնի իշխող կուսակցության հետ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա վետո կիրառելով, գրում է Գրուզիա օնլայնը։

«Ես բացատրեցի բարեկամ երկրների ներկայացուցիչներին, որ ոչ մի կերպ չեմ մտնի ինչ-որ կեղծ, արհեստական, խաբուսիկ բանակցությունների մեջ իմ կողմից վետո կիրառմամ։ Ո՛չ և երբե՛ք։ Ես չեմ դավաճանի այն ոգուն, որն այսօր տիրում է այս երկրում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի ու Լիտվայի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ ոչ ոք չպետք է մտածի, որ Վրաստանի նախագահին կարելի է օգտագործել այս իշխանության դեմքը փրկելու համար։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որը պետք է ստորագրի նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ անգամ է ներկայացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այն հետ էր կանչվել 2023 թվականի մարտին՝ համատարած բողոքներից հետո։ Ընդդիմության կարծիքով՝ օրինագիծը կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» Ռուսաստանի օրենսդրությունը։ Օրինագծի քննարկումն ուղեկցվել է Վրաստանում զանգվածային բողոքի ցույցերով, որոնք շարունակվում են գրեթե մեկ ամիս։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննադատել են աղմկահարույց օրինագիծը՝ հայտարարելով, որ դրա ընդունումը խոչընդոտ կհանդիսանա Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։