Ինդոնեզիայում ծնվել են սարդ հիշեցնող սիամյան երկվորյակներ։ Այսպիսի երեւույթ շատ հազվադեպ է պատահում՝ երկու միլիոն նորածիններից մեկի մոտ։
Երկվորյակ տղաները ծնվել են 2018թ., ունեին չորս գործող ձեռքեր, երկու գործող եւ մեկ չգործող ոտքեր։ Ընդհանուր են նրանց առնանդամը եւ հետանցքը, միզապարկը, ուղիղ աղին եւ աղիքային համակարգը։
Հայտնի է միայն Ischiopagus Tripus երկվորյակների՝ միացած կոնքով երկվորյակների ընդամենը մի քանի դեպք։ Ինդոնեզիայի երկվորյակների մասին տեղեկացրել է The American Journal of Case Reports ամսագիրը։
Նշվել է, որ փոքրիկները առաջին երեք տարին անցկացրել են պառկած դիրքում։ Դրանից հետո վիրաբույժների թիմն իրականացրել է երրորդ ոտքի հեռացման եւ ազդրի ու կոնքոսկրի կայունացման վիրահատություն, որպեսզի տղաները կարողանան նստել։
Նրանց ծնողները երկու ավագ զավակներ ունեն, եւ ընտանեկան անամնեզում առողջական խնդիրներ չեն եղել։ Նրանց մայրը տեղեկացրել է, որ հղիության ժամանակ բարդություններ չի ունեցել։
Պարզ չէ, թե որքան է տեւել վիրահատությունը, բայց եռամսյա դիտարկումներից հետո երկվորյակների մոտ ոչ մի բարդություն չի առաջացել։ Վիրահատությունը թույլ է տվել նրանց նստել եւ, գուցե, կանգնել, ինչը նրանց ավելի մեծ անկախություն է տվել։
Սիամյան երկվորյակները կարող են առաջանալ այն դեպքում, երբ մեկ բեղմնավորված ձվաբջիջը բաժանվում եւ զարգանում է երկու առանձնյակում։ Մյուս տեսությունը ենթադրում է, որ երկու առանձին սաղմերը միաձուլվում են զարգացման վաղ փուլերում։