Վախը մարմնի ռեֆլեքսային ռեակցիան է արտաքին գրգռիչին, որը հոգեկանն ընկալում է որպես վտանգ։ Օրգանիզմի այս հատկանիշը թույլ է տալիս մարդուն հավաքվել և փրկել իրեն դժվարին իրավիճակներում։ Բայց երբեմն սարսափը կարող է հանգեցնել առողջության համար տհաճ հետևանքների, այդ թվում՝ սրտի կաթվածի և շաքարախտի, «Իզվեստիա»-ին ասել է նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան:
Նա նշել է, որ սարսափը հաճախ նույնացվում է վախի հետ, բայց դա ճիշտ չէ. սարսափը հիմնական հույզերից մեկն է, իսկ վախը ակնթարթային արձագանք է պոտենցիալ վտանգին:
«Սարսափի արձագանքը տեղի է ունենում երկու փուլով. առաջինն անմիջական արձագանքն է. մարդը դողում է, սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, արյան ճնշումը բարձրանում է, շնչառությունը արագանում է, մկանները կտրուկ լարվում են։ Այս ամենն անհրաժեշտ է, որպեսզի մարդն արագ մոբիլիզացվի ու փախչի վտանգից»,- պարզաբանել է Դեմյանովսկայան։
Երկրորդ փուլը սարսափի նկատմամբ ավելի գիտակցված արձագանքն է: Բայց չնայած այն հանգամանքին, որ մարդն ընդհանուր առմամբ հասկանում է, թե ինչ է ասում և ինչ է անում, նա կարող է իրեն սովորականից տարբեր պահել։ Օրինակ՝ դրսևորել ագրեսիա, թեև նա սովորաբար չափազանց քաղաքավարի է։
Բժշկի խոսքով՝ սարսափը կարող է մեծապես ազդել մարդու վրա և առաջացնել ֆոբիաներ և նյարդային այլ խանգարումներ, հանգեցնել սրտի կաթվածի կամ ինսուլտի։