Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է հիմնական տարբերությունները սիրո ու սիրահարվածության միջև՝ նշելով, թե ինչպես են հարաբերություններ կառուցում կանայք ու տղամարդիկ։
«Սիրահարվելն ավելի շատ տպավորություն ու սպասում է, իսկ սերն արդեն փոխհարաբերություն է, օբյեկտիվության ընդունում:
Հիմնականում կանայք ունեն պլատոնային ուղղվածություն և քանի որ սխալ ընտրության պատճառով ավելի շատ են տուժում, մշտապես զգուշանում են։ Տղամարդիկ ավելի շատ կենտրոնացած են սենսացիաների ու տպավորությունների վրա:
Տղամարդկանցից քչերն են ի սկզբանե հարաբերություններ կառուցում սիրո, ընտանիքի ձևաչափով՝ գիտակցելով նման արարքի կարևորության և պատասխանատվության մասին: Երբ սիրահարվածությանը փոխարինում է սերը, տղամարդը ավելի շատ հոգատարություն է ցուցաբերում և պլանավորում ապագան:
Սիրահարվելու և սիրելու միջև, որպես կանոն, անցնում է մի քանի ամիս: Երբ հարաբերությունները զարգանում են, այդ ժամանակ մարդիկ կապվում են ավելի ու ավելի շատ։ Սկսում են գերիշխել հուզական, նյութական, սեռական և այլ զգացողությունները։ Սակայն այն պարագայում, երբ զգացմունքների տպավորությունները սկսում են թուլանալ, պարզ է դառնում, որ ոչինչ չի կառուցվել։ Այդ ժամանակ սկսվում է հիասթափության փուլը:
Նրանք, ովքեր հարաբերություններ կառուցել գիտեն, գտնվում են մշտական զարգացման և երջանիկ հարաբերությունների մեջ: Նրանք, ովքեր չգիտեն, թե ինչպես ընտրել, զարգացնել և կառուցել փոխադարձ ներդաշնակություն, հաճախ հիասթափվում են և կրկին սխալ ընտրություն կատարում:
Երբեք ուշ չէ սխալները շտկել, նորոգել և ներդաշնակություն մտցնել ձեր հարաբերություններում և ներաշխարհում:
Իրականում սիրահարվածությունից դեպի սեր և հակառակ ուղղին տանող ճանապարհի քարտեզը հենց ձեր ձեռքերում են», – նշել է մասնագետը: