Հարվարդի Տ.Խ. Չանի անվան հանրային առողջապահության դպրոցի գիտնականները պարզել են, որ թեյը, սուրճ, կաթնամթերքները եւ հացահատիկեղենը իջեցնում են հոդատապի առաջացման վտանգը, իսկ մրգահյութերը, կենդանական ծագման մթերքները եւ կարագը՝ հակառակը, բարձրացնում են։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA-ում (Journal of American Medical Assocoation)։
Հետազոտությանը մասնակցել է մոտ 123 հազար մարդ։
Տղամարդկանց եւ կանանց միջին տարիքը կազմել է 54 եւ 50,9 համապատասխանաբար։ Առաջին փուլի ընթացքում գիտնականները տեղեկություն են հավաքել փորձարկվողների առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ նրանց խնդրել են պատմել սովորական սննդաբաժնի մասին։ Դրանից հետո սկսվել է մասնակիցներին հետեւելու փուլը։
Դիտարկման ժամանակ հոդատապը (հոդատապի արթրիտ) առաջին անգամ ախտորոշվել է մոտ 2 700 մարդու մոտ։ Հետազոտողները հաշվարկել են, որ հացահատիկեղենի յուրաքանչյուր լրացուցիչ ամենօրյա չափաբաժին 7 տոկոսով իջեցրել է այդ հիվանդության վտանգը, թեյը եւ սուրճը՝ 5 տոկոսով, իսկ կաթնամթերքները՝ 15 տոկոսով։ Մրգահյութերը եւ քաղցր ըմպելիքները 6 տոկոսով բարձրացրել են հոդատապի հավանականությունը, կարագը՝ 16 տոկոսով։ Կենդանական ճարպերի եւ ձկան չարաշահումը նույնպես հարաբերակցվել է հոդատապի առաջացման բարձր վտանգի հետ։
Գիտնականները նշել են, որ կաթնամթերքների ընդգրկումը սննդաբաժնում իջեցնում է միզաթթվի մակարդակը արյան սիճուկում։ Միզաթթվի բյուրեղները հոդերի շուրջ եւ դրանց կառույցներում գոյացնում են նստվածքներ, որոնք էլ ցավի պատճառն են հոդատապային արթրիտի ժամանակ։