Ախալքալաքի մունիցիպալիտետում ջրծաղիկ է տարածված

Ախալքալաքի մունիցիպալիտետում ջրծաղիկ է տարածված

Ախալքալաքի մունիցիպալիտետի բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում տարածված է ջրծաղիկ։ Որոշ ուսումնական հաստատություններում ջրծաղիկի դեպքերն ավելի շատ են, որոշներում էլ՝ ավելի քիչ։ Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը

Ըստ Հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) տնօրենի` Ախալքալաքի մունիցիպալիտետում ջրծաղիկը երեխաների շրջանում շատ տարածված է դպրոցներում և մանկապարտեզներում, սակայն կարանտին չի հայտարարվում, քանի որ դա պաշտոնապես չի հաստատվել՝ բժիշկներին դիմելու բացակայության պատճառով։ Ջրծաղիկով հիվանդների մեծ մասը բուժում է ստանում տնային պայմաններում:

«Մենք ոչ պաշտոնապես գիտենք, որ մունիցիպալիտետում ջրծաղիկի դեպքերը շատ են, սակայն մենք չենք կարող պաշտոնապես արտակարգ իրավիճակ հայտարարել, քանի որ ոչ մի բժիշկ մեզ չի դիմել այս հարցով։ Մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ պաշտոնական խնդրանքներ չունենք։ Կրկին, ոչ պաշտոնական տվյալներով, գյուղերում ջրծաղիկի դեպքերն ավելի քիչ են, քան քաղաքում, բայց դեպքերն առկա են»,- ասում է Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տվյալներով՝ Ախալքալաքի մանկապարտեզներում ջրծաղիկի դեպքերը շատ-շատ են։

«Բոլոր մանկապարտեզներում կան ջրծաղիկով վարակվելու դեպքեր, մենք արդեն այնքան են բացել ու փակել մանկապարտեզները կարանտինի համար, որ ի վերջո դադարեցրել ենք դա անել։ Սակայն գյուղերում շատերն արդեն հիվանդացել են ջրծաղիկով, այժմ վարակվելու դեպքերն ավելի շատ են քաղաքի մանկապարտեզներում»,- ասում է Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։

Մեր տեղեկություններով՝ ջրծաղիկի պատճառով բացակայողների ամենամեծ թիվն ունի թիվ 2 հանրային դպրոցը (այս դպրոցում կան դասարաններ, որտեղ ջրծաղիկի պատճառով 12-16 աշակերտ բացակա է), հիվանդության առանձին դեպքեր կան թիվ 4 հանրային դպրոցում (որտեղ ջրծաղիկի պատճառով մեկ դասարանում բացակայում է 1-3 աշակերտ): Առայժմ թիվ 1, թիվ 5 և թիվ 3 հանրային դպրոցներում հիվանդության դեպքեր չկան։ Ջրծաղիկը տարածված է նաև գյուղական դպրոցներում, բայց՝ ոչ շատ։

Ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային էթիոլոգիայի հիվանդություն է, որի ժամանակ բարձրանում է հիվանդի ջերմությունը, առաջանում է մաշկի և լորձաթաղանթների պապուլոզ-վեզիկուլոզ ցան, ինտոքսիկացիա։ Հիմնականում հիվանդանում են նախադպրոցական տարիքի երեխաները, սակայն ջրծաղիկով կարելի է վարակվել ցանկացած տարիքում: Մեծահասակների շրջանում ջրծաղիկն ընթանում է շատ ավելի ծանր, քան՝ երեխաների: Վարակի աղբյուր է հանդիսանում հիվանդ մարդը, փոխանցման ճանապարհը՝ օդակաթիլային: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Ջրծաղիկի վիրուսն անկայուն է արտաքին միջավայրում։

Այլ ախտանիշները կարող են ի հայտ գալ ցանավորումից 1-2 օր առաջ։

Ջերմության բարձրացում, ախորժակի կորուստ, գլխացավ, հոգնածություն և ընդհանուր ինքնազգացողության վատացում:

Ջրծաղիկի ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին և որովայնին, սակայն խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։

Հիվանդության ի հայտ գալուց անհրաժեշտ է՝

  • պահպանել անկողնային ռեժիմ, սահմանափակել ակտիվությունը՝ ապահովելով հաճախակի հանգիստն ու քուն,
  • օգտագործել մեծ քանակության հեղուկ,
  • ամեն օր անհրաժեշտ է փոխել անձնական սպիտակեղենը և անկողնային պարագաները,
  • պահպանել անձնական հիգիենայի կանոնները,
  • օդափոխել տարածքները և պահապանել սենյակի ջերմաստիճանը անհրաժեշտ սահմաններում,
  • պահպանել դիետա,
  • որպես ջերմիջեցնող ջրծաղիկի ժամանակ չի՛ կարելի օգտագործել ասպիրին /ացետիլսալիցիլաթթու/ դեղամիջոցը:

Չի կարելի ցանավորված մասերին ձեռք տալ, քանի որ ախտահարվում են մաշկի խորը շերտերը և սպի է մնում։

Եթե անձը փոքր ժամանակ վարակվել է ջրծաղիկով, ապա նրա մոտ այնպիսի իմունիտետ է առաջանում, որը մնում է մինչև կյանքի վերջ, հազվադեպ է լինում, երբ հիվանդությունը կրկնվում է։

Նշենք, որ վարակի գաղտնի շրջանը տևում է 11-21 օր: Հիվանդությանը բնորոշ է սուր սկիզբ, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39C, միաժամանակ մաշկի վրա ի հայտ է գալիս բնորոշ ցանը՝ առաջանալով գլխի մազածածկի հատվածում, ապա տարածվելով ամբողջ մարմնով, բացառություն են կազմում ձեռքերի ափերը և ոտքերի ներբանները: Հիվանդը գանգատվում է թուլությունից, գլխացավից, սրտխառնոցից, հրաժարվում է սննդից: Ցանավորման շրջանը տևում է միջինը 5-6 օր, ինչից հետո տեղի է ունենում կեղևների դանդաղ թափում, որն ավարտվում է հիվանդության ի հայտ գալուց 15-20 օր հետո: Թափված կեղևների տեղում երկար ժամանակ կարող են պահպանվել կարմիր բծեր: Որպես կանոն, հիվանդանալուց հետո ձևավորվում է կայուն անընկալություն: