Հուլիսի 5-ին «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատության ժամանակ բուժառուն՝ 32-ամյա Լիանա Ս.-ն, մահացել է։ Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:
«Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանի հետ։ Ըստ նրա՝ պացիենտին վիրահատել է իրենց վիրաբույժներից մեկը, որը, ըստ փոխտնօրենի, բավականին փորձառու մասնագետ է։ Ղարիբյանը պնդում է՝ դեպքը ոչ թե բժիշկների կամ վիրահատական սխալի հետևանք է, այլ բոլորովին այլ պատճառ ունի:
«Կա, այսպես կոչված, մի ախտորոշում, հիվանդությունը ամբողջ աշխարհում 50 հազարից մեկի մոտ կարող է հանդիպել՝ գենի քրոմոսոմի հիվանդություն է կոչվում՝ չարորակ հիպերթերմիա, կամ չարորակ գերջերմություն: Մարդու ջերմաստիճանը բժշկական որոշակի հանգամանքների ու միջամտությունների դեպքում բարձրանում է: Պացիենտի ջերմությունը նարկոզից դուրս գալու շրջանում անմիջապես բարձրացել է 42-43 աստիճան»,- մանրամասնում է նա:
Ըստ բժշկի՝ Հայաստանում վերջին 10 տարում նման 4-5 դեպք է գրանցվել, վերջինը սա է: Նման դեպքերում աշխարհում մահացածության ցուցանիշը բավականին բարձր է, կա միայն մեկ դեղորայք, որը կարող է օգնել, սակայն 80 տոկոս դեպքերում մահն անխուսափելի է. «Մենք նույնիսկ այդ դեղն ենք ներարկել, պրոտոկոլով ամեն ինչ ճիշտ կատարվել է»:
Հարցին, թե նախքան վիրահատությունը հնարավոր չէ՞ ախտորոշել հիվանդությունը, Ղարիբյանն ասում է. «Ախտորոշելը շատ բարդ է և բավականին մեծ ծախսեր է ենթադրում։ Արտասահմանում որոշ մարդիկ միգուցե իրենց ապահովության համար անեն, եթե իմանան, որ հարազատներից մեկի մոտ նման հիվանդություն եղել է, որովհետև գենետիկ ֆակտոր էլ ունի. եթե հարազատներից ինչ-որ մեկի մոտ կա, կարող է հարազատներից մյուսների մոտ էլ լինել: Սակայն, որպես կանոն, աշխարհում ոչ ոք վիրահատությունից առաջ չի հետազոտվում այս հիվանդության մասին պարզելու համար»։
Ղարիբյանը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ վիրահատական բոլոր չափանիշները պահվել են, պացիենտի համաձայնությունը և ստորագրությունը եղել է:
«Հարազատներին բացատրել ենք, հասկացել են, մեզ ասել են՝ գնում են դատաբժշկական փորձաքննության, եթե մեր ասած ախտանիշը հաստատվեց, նույնիսկ չեն բողոքի: Չեմ ասում՝ ուրախ, բայց մեր ասածն ընդունելով ու հարգելով՝ սպասում են դատաբժշկական փորձաքննությանը»,- նշում է փոխտնօրենը:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե սա հիվանդանոցում գրանցված 3-րդ դեպքն է՝ վերջինս ասում է, որ տեղեկությունը սուտ է․ «Մեր հիվանդանոցում սա 1-ին դեպքն է, որ քթի վիրահատության ժամանակ մահվան դեպք է գրանցվել, կարող էր քթի վիրահատություն չլիներ, լիներ կույրաղիքի, ստամոքսի վիրահատություն, ու դեպքը լիներ, որովհետև վիրահատության հետ ոչ մի կապ չունեցող դեպք է, անհատական խնդիր է։ Եվ եթե նայենք մահացության տոկոսները, հանրապետության մակարդակով ամենաքիչ մահացություններ գրանցված հիվանդանոցներից մեկը մերն է, թեև տրամաբանական է, որ հիվանդանոցում մահեր էլ են գրանցվում»:
32-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ, որն ունի երկու անչափահաս երեխա, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ կատարվում է նախաքննություն՝ մահվան պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը, ըստ իրավապահների, կարևոր նշանակություն կունենա վերջնական իրավական գնահատական տալու առումով: