Մայիսի 31-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կոմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, ոստիկանները տեղում պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 69-ամյա Լուսնթագ Բ․-ն է:
Ոստիկաններին Լուսնթագ Բ․-ի դուստրը հայտնել է, որ մայրը մայիսի 30-ին «Էվա Մեդ» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության է ենթարկվել բժիշկ՝ Ուզբեկստանի քաղաքացի 30-ամյա Ռաֆայել Առուշանովի կողմից, ում ասելով վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, սակայն պացիենտի մոտ արձանագրվել է սրտի կանգ և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 18-ին մահացել է։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակը կոտրվել է սրտի կանգը վերականգնելու ժամանակ: Մահացածի դուստրը ոստիկաններին հայտնել է նաև, որ իր կարծիքով, մայրը մահացել է բժշկի մասնագիտական անփութության և անգործության հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Tert.am-ը, պարզաբանումների համար, զանգահարել է բժիշկ Ռաֆայել Առուշանովին։ Վերջինս ասել է, որ այս պահին հարմար չէ խոսել դեպքի մասին և նշել է, որ երբ իրեն հարմար լինի կզանգահարի խմբագրություն։