Առաջներում իդեալական քաշը հաշվարկելու ամենատարածված բանաձևն էր Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ)։ Այդ ինդեքսն օգտագործվում էր նաև սրտանոթային հիվանդությունների եւ շաքարային դիաբետի ռիսկը գնահատելու համար։
Սակայն հետագայում գիտնականները պարզեցին, որ եթե ճարպային կուտակումները որովայնի շրջանում են լինում, ապա դա հատկապես վնասակար է առողջության համար: Այդ պատճառով բավարար չէ, որ ՄԶԻ-ն նորմայի սահմաններում լինի, պետք է նաեւ, որ ճարպը չկուտակվի որովայնի հատվածում։ Այսպես, մի շարք մասնագետներ սկսեցին որպես նորմալ քաշի ցուցանիշ օգտագործել նաեւ պարանոցի շրջագիծը։ Համարվում էր, որ տղամարդկանց դեպքում այն պետք է կազմի 92սմ-ից ոչ ավել, իսկ կանանց դեպքում՝ 82սմ-ից։
Արդի բժշկությունը համարում է, որ իդեալական քաշ հասկացություն գոյություն չունի, իսկ ավելորդ քաշի, որը կարող է առողջական խնդիրների հանգեցնել, դեպքում, քաշի 10%-ով նվազումն արդեն բերում է պացիենտի կլինիկական վիճակի լավացման։
Այսպիսով, այսօր ճարպակալումով տառապող մարդկանց նախ առաջարկվում է քաշի 10%-ը նվազեցնել 6 ամսվա ընթացքում։ Երբ այդ նպատակին հասնում են, կրկին գնահատվում է պացիենտի վիճակը եւ որոշում ընդունվում՝ պետք է արդյոք եւս 10% քաշ գցել։
Նիհարելու ժամանակ շատ կարեւոր է իրատեսական նպատակ դնել։ Եթե Դուք բարդ նպատակ դնեք Ձեր առջեւ ու չհասնեք դրան, հոգեբանորեն շատ դժվար կլինի։
Նորմալ քաշի որոշման Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկված բանաձևը`
Կանանց համար
Նորմալ քաշ = 50 + (հասակ-150) 0,32 + (տարիք-21) ։5
Օրինակ՝ 165 սմ հասակ ունեցող 25 տարեկան կինը պիտի կշռի.
50 + (165-150) 0,32 + (25-21)։ 5 = 55,6: Այսինքն՝ մոտ 56 կգ։
Տղամարդկանց համար
Նորմալ քաշ = 50 + (հասակ – 150) 0,75 + (տարիք- 21) : 5
Օրինակ՝ 175 սմ հասակ ունեցող 30 տարեկան տղամարդու նորմալ քաշը պիտի լինի.
50+(175–150)0,75+(30–23)։5=70,55: Այսինքն՝ մոտ 71 կգ։
Մարմնի հեղուկի քանակի տատանումները բերում են քաշի ամենօրյա տատանումների։ Ուստի մարմնի քաշը որոշելու համար կշռումը կատարեք շաբաթը մեկ՝ ստույգ նույն օրը և ժամին։
Հիշե՛ք, որ նյութափոխանակության վիճակը և այլ գործոնները, որոնք ազդում են քաշի վրա, անհատական են և կախված են մարդու տարիքից, սեռից, առողջական վիճակից և այլն։ Տարիքի հետ մարդը պետք է փոխի իր սնվելու սովորույթները։ Եթե անհատն ընդունում է սննդի նույն քանակը և պահպանում է նույն ֆիզիկական ակտիվությունը 20-40 տարեկանում, ապա 40 տարեկանում նրա մարմնի քաշը, որպես կանոն, ավելի մեծ է լինում։
Դա բացատրվում է նրանով, որ տարիքի հետ փոխվում է նյութափոխանակության ակտիվությունը։ Տարիքի հետ պետք Է օգտագործել մարմինն անհրաժեշտ սննդանյութերով ապահովող, բայց քիչ կալորիաներ պարունակող սնունդ։