«Քիմիաթերապիան սկսեցի վախով՝ առանց իմանալու ինչ սպասել։ Այդ ժամանակ փնտրեցի օնլայն խմբեր քաղցկեղի հետ կապված, բայց չգտա։ Որոշեցի ինքս ստեղծել, որ նրանք, ովքեր ինձ պես հիվանդության հաղթահարման փուլում են, կարողանան միանալ»։
Ֆեյսբուքում հատուկ բացված խմբում Աստղիկին են միացել շուրջ 140 հոգի։ Ըստ նրա, կամ խմբի անդամները անձամբ կամ ընտանիքի անդամները խնդիր ունեն։
«Սա շատ նուրբ թեմա է, մարդիկ չեն ուզում դա քննարկել մեկի ներկայությամբ, ով չունի նման խնդիր։ Մեր ազգը այդ առումով դեռևս խնդիրներ ունի, չեն պատկերացնում՝ լսում են քաղցկեղ, մտածում են վերջ՝ դու մահանում ես։ Չեն գիտակցում, որ դա դատավճիռ չէ, ու մարդիկ դրանից հետո կարող են երկար տարիներ ապրել։ Ֆեսյբուքյան հրապարակմանս ակտիվ արձագանքն ինձ հաճելիորեն զարմացրեց․ իրականում չէի սպասում, գրել էի ընկերներիս համար, բայց դրանից հետո բազմաթիվ նամակներ եմ ստացել այն մասին, որ գնալու եմ բժշկի հետազոտվելու, հարցնում էին` ուր գնալ, ինչպես, ում մոտ և այլն»։
«Ես լաց եմ եղել միայն մեկ երեկո, այդ ժամանակ դեռևս պարզ չէր՝ ինչ տեսակի քաղցկեղ է, չեմ կարող ասել, թե ինչու էի լացում կոնկրետ։ Ընդհանուր կուտակված էր։ Շոկային է, երբ սպասում չունես, վախ չունես, ցավ չունես, դժվար է դրա միջով անցնելը։ Ես հետո այդ ապրումները չունեցա հենց միայն այն պատճառով, որ իմ ամբողջ մտածմունքը ծնողներս ու երեխաներս էին, որ կողքիս էին, սակայն ընկճված, ես թուլանալու իրավունք պարզապես չունեի։ Հենց դա ինձ շեղեց՝ խուսափելու վատ մտքերից։ Եվ ամենակարևորը՝ ես ներքին հանգստություն ու վստահություն ունեի, որ հաղթահարելու եմ»։
«Ապրումներն ու էմոցիաներն էլ են նորմալ։ Նախ պետք է հասկանալ, որ տանը փակվելը լուծում չի, միշտ հրաշքներ լինում են, և մի կարևոր բան էլ, եթե ապրելուն քիչ է մնացել, ապա նույնիսկ վերջին օրերը պետք է շատ ուրախ անցկացնել, վայելել ամեն պահը»։
Աստղիկը մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է, բայց վաղուց զբաղվում է բոլորովին այլ գործունեությամբ՝ «Հայ Ծնողների ակումբ» խմբի հիմնադիր տնօրենն է, որի աշխատանքներով զբաղվել է նաև հիվանդության հաղթահարման ընթացքում․
«Այնպես է ստացվել, որ ամբողջ կյանքում փորձել եմ սոցիալական աշխատանքներ անել, որով կկարողանամ մարդկանց օգնել։ «Հայ ծնողների ակումբ»-ի նպատակը ծնողներին աջակցելն է ցանկացած հարցում, ինչը վերաբերում է երեխաներին և ծնողավարմանը։ Ուղղորդում ենք ծնողներին, փորձում ենք մանկական ապրանք առաջարկող ընկերությունների հետ կապել, որպեսզի ծնողների առօրյան ավելի հեշտացնենք։ Այս տարի մարտին լրացավ մեր ակումբի 10-ամյակը»։
Իսկ հիվանդության հաղթահարման փուլում իրականացել է Աստղիկի վաղեմի երազանքներից մեկը․նա ընկերների օգնությամբ խաղերի գիրք է տպագրել, որի բովանդակությունը տարիներով հավաքում էր․
«ԽԱՂաԼԻՔԸ» Աստղիկի հեղինակած գիրքն է, որի մասին երազում էր 10 տարուց ավելի։ «Երբ երեխաներս ծնվեցին, այդ ժամանակ ոչ մի օնլայն զբաղմունք չկար, և ես խաղերը սկսեցի ինքս հորինել երեխաների համար։ Տարիների ընթացքում այդ բոլոր խաղերը հավաքել էի․ բոլորը փորձարկված են, դրանով էլ այն տարբերվում է»։
Երբ կորոնավիրուսը տարածվեց, այդ ժամանակ Աստղիկը իր հիվանդության մասին դեռ ոչինչ չգիտեր։ Գործընկերուհի Տաթևը Աստղիկին ոգևորել է՝ ասելով, որ գիրքը տպագրելու ճիշտ ժամանակն է, քանի որ մարդիկ տանն են և պետք է զբաղեցնեն իրենց երեխաներին։
«Գրքի ստեղծման վրա բավական երկար աշխատեցինք, տպարան տալիս արդեն գիտեի հիվանդությանս մասին. քիմիաթերապիան արդեն սկսել էի։ Այդ ընթացքում գիրքը հրատարակվեց ու այն ինձ շատ օգնեց, իմ ամբողջ ոգևորությունն այդ գիրքն էր։ Վերջերս էլ մի կին էր գրել ինձ՝ ասելով, որ իմ գիրքը գնել էր իր աղջկա համար, որ հիվանդանոցում ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնի, քանի որ նա նույնպես քաղցկեղի դեմ էր պայքարում։ Փաստորեն ես ու այդ երեխան միևնույն կարգավիճակում ենք եղել այդ ժամանակ»։
«Ես ամբողջ ընթացում եղել եմ աշխատունակ՝ օնլայն աշխատել եմ գրքիս վրա, մեր ծնողների խմբի անդամների հետ նաև օգնություն ենք տրամադրել պատերազմի շրջանում։ Ովքեր նոր են քիմիաթերապիան սկսելու, իրենց մոտ տպավորություն է, որ իրենք առաջին իսկ օրվանից փակվելու են, ոչնչով չեն զբաղվելու ու իրենց համար կյանքը կանգ է առնելու։ Այդպես չէ, իհարկե, շատ տարբեր է ու անհատական, մարդիկ կան, որ իրոք շատ ծանր են տանում»։
Հունվարի 17-ին Աստղիկը վերջին քիմիաթերապիան է անցել․ սովորաբար վիրահատությունից հետո քիմիաթերապիա կամ ճառագայթում են նշանակում, բայց քանի որ նա ժամանակին էր բացահայտել խնդիրը ու շուտ սկսել բուժումը, դա մեծ դեր է ունեցել բուժման ողջ ընթացքի վրա։
«Քիմիաթերապիան լավ ազդեց, դրանից հետո բացարձակ ոչ մի ուռուցքի հետք չէր մնացել, ամբողջովին մաքուր էր։ Ոչ քիմիաթերապիա, ոչ ճառագայթ չունեմ ստանալու, անգամ դեղ չի նշանակված և բժիշկն ասաց, որ ես այժմ ունեմ քաղցկեղով հիվանդանալու այնքան հավանականություն, ինչքան որ ունի յուրաքանչյուր կին»։
Աստղիկը մինչ հիվանդությունը գանգուր ու երկար մազեր է ունեցել․ «Քաղաքում ինձ բոլորը ճանաչում էին հենց իմ մազերով։ Դրանք ինձ համար եղել են հպարտության նման բան, անգամ մի տեսակ մազերիս միշտ խանդել եմ, որովհետև բոլորը իմ մազերն էին սիրում ու մտածում էի, դե լավ միթե՞ մազերիցս այն կողմ իմ մեջ գնահատելու ոչինչ չկա։
Երբ թափվեցին ես շատ հեշտ տարա, քանի որ նախ ծնողներս էին կողքս, ես պիտի դա հեշտ տանեի, և երեխաները չընկճվեին. ես մազ սափրող մեքենան տվեցի երեխաների ձեռքը, տղաս՝ 16, իսկ դուստրս 14 տարեկան է, ու ասացի՝ անցեք գործի, որ իրենք իրենց ձեռքով անեն, խաղալ-ուրախանալով, ու այդ ամենի կողքը ես իրավունք չունեի թուլանալու։ Եղածը մազ է, վերջիվերջո կաճի նորից։ Վերջին քիմիաթերապիայից արդեն երկու ամիս է անցել ու իմ մազերն արդեն մի փոքր աճել են։ Իհարկե, տհաճ է, երբ հոնքեր ու թարթիչներ են թափվում, անգամ աղվամազերը, դեմքդ լրիվ դատարկվում է, բայց դա ժամանակավոր է»։
Աստղիկ Զաքարյանը վերջերս է հաղթահարել քաղցկեղը։ Հիմա այդ ամենի մասին անցյալով է խոսում՝ վստահ պլաններ կազմելով ապագայի համար։ Սակայն, ինչպես ինքն է ասում` մի քանի ամիս ապրում էր ոչ թե ապագայով, այլ մինչև հաջորդ քիմիաթերապիան։
«Տարիներ առաջ հորս ընկերոջ կնոջ մոտ շատ պատահական հայտանբերել էին ամենաբարդ փուլում գտնվող քաղցկեղ: Դժվարությամբ փրկել էին կյանքը։ Այդ դեպքից հետո հայրս մեզ՝ ինձ, մորս ու քույրերիս, ստիպում էր ամեն տարի գնալ բժշկի ստուգումների ու փաստորեն՝ ոչ իզուր», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Աստղիկը։
Հերոսուհին պատմում է, որ 10 տարի շարունակ կրծքագեղձերի պարտադիր պրոֆիլակտիկ ստուգումներ է անցել։ «Ամեն տարի գնացել եմ բժշկի, ստուգումը տևել է շատ կարճ․ նայել են ու ասել՝ ամեն բան նորմալ է, գնացեք։ Սակայն նախորդ տարվա հերթական այցը մի փոքր այլ էր»։
Աստղիկը պատմում է, որ բժշկին այցելելուց կես ժամ հետո գործնական հանդիպում ուներ, և ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ վստահ էր՝ պիտի մտներ ստուգվելու և արագ դուրս գար։
«Մորս ու քույրերիս մոտ ամեն բան նորմալ էր․ հերթը հասավ ինձ»։
Աստղիկին ստուգեցին և ասացին՝ ինչ-որ բան այն չէ, էլի կարիք կա ստուգելու։ «Ես հանգիստ սպասում էի, որովհետև միշտ մտածել եմ՝ կապ չունեմ քաղցկեղի հետ։ Անգամ այդ ժամանակ մտքովս չէր անցնում նման բան։ Բժիշկն ասաց՝ մամոգրաֆիայի կարիք կա․ այդ ժամանակ արդեն լարվեցի մի փոքր, որովհետև իմ տարիքում սովորաբար չեն անում մամոգրաֆիա», – ասում է 40-ամյա Աստղիկը ։
Ստուգումն ավարտելուց հետո՝ բժշկուհին շատ զգույշ սկսել է բացատրել, որ կարծես թե ուռուցքի նման ինչ-որ բան կա, որը կարող է լինել նաև բարորակ․ «Ես շատ ադեկտվատ ձևով ընդունեցի նորությունը և ճշտեցի, թե չի՞ բացառվում նաև չարորակ լինելու հավանականությունը»։
«Պարզեցի, որ ճիշտ ժամանակին ենք հայտնաբերել, պետք է ուղղակի շտապ սկսել բուժումը, քանի դեռ այն չի տարածվել, սկզբում բիոպսիա, կրծքագեղձի քաղցկեղ հաստատվեց, դրանից հետո սկսվեց քիմիաթերապիան՝ կամ ամեն շաբաթ, կամ երկու շաբաթը մեկ։ Ինձ համար այդ ողջ ընթացքը շատ արագ անցավ՝ կարճ-կարճ սպասումներով, իսկ հետո պարզվեց, որ ամեն բան վերջացավ»։
Քաղցկեղից մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հենց կրծքագեղձի քաղցկեղին, հատկապես՝ կանանց շրջանում։ Հայաստանում այդ թիվը տարեցտարի աճում է։
«Այն, որ ես այսօր կամ ու կենդանի եմ, դա արդեն նրա ապացույցն է, որ բուժվել եմ, առաջին հերթին՝ ժամանակին հայտնաբերելու ու շուտ բուժումը սկսելու շնորհիվ։
Ինձ համար մշտապես շարժիչ ուժ են եղել երեխաներս։ Նրանք ամբողջ ընթացքում ինձ ասում էին՝ ինչ լավ է, որ այսպես կենսուրախ եմ, աղջիկս ասում է՝ մամ, դու ամեն ինչի մեջ լավն ես տեսնում։ Դա հեշտացնում է նաև երեխաների կյանքը, իրենք ինձնից սովորել են, որ պիտի ամեն բանի մեջ լավը գտնել ու տեսնել»։
Երբ դժվարինն արդեն անցյալում է, Աստղիկը շատ նպատակներ ունի, որոնք աստիճանաբար ուզում է իրագործել. «Հիմա ուզում եմ վերադառնալ իմ ակումբին, իմ խաղերի գրքին, որովհետև այդ ակումբը իմ կյանքի կարևոր մասնիկն է, ուզում եմ լինել ծնողների ու երեխաների կողքին, աջակցել նրանց։ Նոր ծրագրեր ու մտքեր ունեմ»։
Աստղիկը նաև նպատակ ունի բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը քաղցկեղի թեմայով և քաղցկեղով հիվանդներին օգնել շփվել միմյանց հետ, որ միայնակ չզգան իրենց։ Եթե հանրությունը գրագետ տեղեկացված լինի, քաղցկեղ ունեցողները չեն վախենա խոսել այդ մասին։
«Մի՛ հուսահատվեք, դուք միակը չեք, ձեր նման շատ կանայք կան, մի՛ ամաչեք օգնություն խնդրել, եթե ունեք դրա կարիքը։ Ամեն բան հնարավոր է: Լավ կլինի, եթե կենսուրախ լինեք ու հավատաք, որ իրոք լավ է լինելու»։ Նյութի հեղինակ ampop.am