Ռուբեն Մալխասյանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում։ Մեկ տարի սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև արհեստածին կուրացումից հետո տեղափոխվել Երևանի կույր և թույլ տեսնող երեխաների միջնակարգ գիշերօթիկ դպրոց։
Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին։ Կուրանալու պատճառով նա բազում անգամ է հանդիպել խնդիրների: Ռուբենը նշում է, որ իրեն հանդիպած խոչընդոտների պատճառով չի կարողացել շարունակել ուսումը։
Իրավիճակը սթափ դատելով՝ նա նաև նշում է, որ չի ընկճվում, հարցին ողբերգական մոտեցում չի տալիս և փորձում է խնդիրներին անձամբ լուծում գտնել։ Ռուբենը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ դիմել է եվրոպական երկրներ դեռ 1989 թվականին՝ տեսողության վերականգման նպատակով, սակայն ստացել է պատասխան, որ, ցավոք, գիտությունը դեռ այն մակարդակին չի հասել, որ կարողանան օգնել իրեն ինչ-որ ձևով։ Չնկճվելով՝ 1994 թվականին մեկնել է նաև Ֆրանսիա, սակայն այնտեղ նունպես չեն կարողացել օգնել հաղթահարել խնդիրը։
Ռուբենը ցավով է նշում, որ թե՛ Նինոծմինդա քաղաքի, թե՛ Ախալքալաքի հասարակական վայրերում չկան հարմարեցված պայմաններ։ Այլ կերպ ասած՝ քայլել չկարողացող մարդկանց համար չկան թեքահարթակներ, կուրություն ունեցողների համար էլ չկան ձայնարձակ ազդանշաններ և այլ հարմարություններ։
Ռադիո NOR-ի այն հարցին, թե կդիմի արդյուք նորից եվրոպական երկրներ, թե ոչ, նա պատասխանեց, որ դա կապված է մեծ գումարների հետ և գուցե մի օր դիմի հնարավորության դեպքում։
Աշխատանքային և կրթական քաղաքականությունները հաճախ ներառում են հատուկ ծրագրեր և աջակցություն, որոնք օգնում են սահմանափակ կարողության տեր մարդկանց ավելի հեշտ ինտեգրվել հասարակության և աշխատանքային շուկայում։
Ելնելով ԵՄ-ի կանոնադրությունից և ազգային օրենսդրություններից՝ սահմանափակ կարողության տեր մարդիկ կարող են ունենալ առանձնահատուկ իրավունքներ, օրինակ՝ պաշտպանվածություն են խտրականությունից։
Ռուբեն Մալխասյանը ասում է, որ այժմ եվրոպական երկրներում միջավայրը ավելի զարգացած է և այսպիսի խնդիրներ ունեցող մարդկանց կարողանում են օգնել, ավելի շատ են ուշադրություն դարձնում և ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծում հեշտացնելու նրանց կյանքը և ամեն ինչ անում, որ ի վերջո նրանք էլ ինտեգրվեն կյանքի սովորական պայմաններին։