Մարդիկ, ովքեր սննդի մեջ օգտագործում են մեծ քանակությամբ աղ, հաճախ են տառապում օստեոպորոզի և միզաքարային հիվանդություններով: Լաբորատոր փորձարկումները պարզել են, որ նատրիումի և կալցիումի քանակությունն օրգանիզմում կարգավորվում է նույն մեխանիզմով: Նատրիումի հավելյալ օգտագործման դեպքում օրգանիզմն այն հեռացնում է մեզի միջոցով՝ երիկամներով: Նման դեպքում կալիումը՝ նատրումի հետ միասին, հեռանում է օրգանիզմից:
Մեզի մեջ կալիումի բարձր քանակությունից տեղի է ունենում միզածորանում քարերի առաջացում, իսկ արյան մեջ կալիումի պակասից ոսկորների նյութի ամրությունը թուլանում է և արդյունքում՝ զարգանում է օստեոպորոզ:
Գիտնականները հայտաբերել են աղին փոխարինող միջոց: Հոլանդական գիտնականներն առաջարկել են աղը փոխարինել սոյայի սոուսով, որպեսզի սննդակարգն ավելի առողջարար լինի:
Օրեցօր մարդն օգտագործում է ավելի աղի սնունդ, և արդյունքում՝ ի հայտ են գալիս ճարպակալում, քրոնիկական սրտանոթային հիվանդություններ, երիկամների հիվանդություններ: Նման դեպքերում պետք է անցնել առանց աղի սննդակարգի:
Աղի առավելությունները
Նատրիումի քլորիդը կենսաբանորեն անհրաժեշտ է մեր օրգանիզմին, քանի որ աղի մեջ քլորի իոնն այն հիմնական նյութն է, որի շնորհիվ՝ արտադրվում է աղաթթու, որը լեղապարկի հյութի կազմի մեջ է մտնում: Ցուրտ և միջին ջերմաստիճանի պայմաններում ապրող մարդկանց օրական աղի օգտագործումը պետք է կազմի 10գ, իսկ տաք երկրների բնակիչների մոտ՝ 25գ:
Եթե օրգանիզմը զգա աղի պակաս, ապա աղը կվերցնի ոսկորներից և մկաններից՝ նման կերպ վնաս հասցնելով երկուսին էլ: Օրգանիզմում աղի պակասը կարող է առաջացնել աղեստամոքսային աշխատանքի խափանում, սրտանոթային համակարգում խախումներ, ինչպես նաև՝ հանգեցնել դեպրեսիայի, նյարդային և հոգեկան հիվանդությունների:
Աղի վնասի մասին
Հաճախ մարդիկ չարաշահում են աղի օգտագործումը՝ այն հասցնելով օրական 40գ-ի: Նման դեպքում աղը մի շարք առողջական խնդիրների պատճառ է դառնում՝ ավելորդ քաշի ավելացում, քանի որ աղի ավելորդ քանակությունը խանգարում է նյութափոխանակության գործընթացներին, ի հայտ են գալիս այտուցներ, բարձր զարկերակային ճնշում:
Որպեսզի օրգանիզմում կարգավորվի աղի քանակությունը և հնարավոր լինի հեռացնել դրա ավելորդ քանակությունը ստեղծվել է «առանց աղի» դիետան: Այս դիետան չի բացառում աղը սննդակարգից, այլ սահմանափակում է դրա օգտագործումը: Իսկ արդյունքները իրենց երկար սպասել չեն տալիս՝ հեռանում է ավելորդ քաշը, լավանում է ինքնազգացողությունը:
«Առանց աղի» դիետայի նպատակն է՝ կարգավորել և վերականգնել օրգանիզմի աղա-ջրային հավասարակշռությունը:
«Առանց աղի» դիետայի սկզբունքները
Թույլատրելի մթերքներ
Ցորենի և տարեկանի ալյուրից պատրաստված հաց:
Խաշած ոչ ճարպոտ միս և ձուկ:
Բացի բանանից և խաղողից կարելի է օգտագործել մնացած մրգերը և բանջարեղենները՝ հում, եփված կամ շոգեխաշած տեսքով:
Կաթնաթթվային մթերքներ՝ կանթաշոռ, յոգուրտ, մածուն, անյուղ կաթ:
Ձու:
Ըմպելիքներից կարելի է օգտագործել թեյ, սուրճ, կիսել, կոմպոտ և բացառել գազավորված ըմպելիքները: Նշված ըմպելիքների մեջ շաքարի քանակությունը պետք է քիչ լինի:
Արգելված մթերքներ
Ճարպոտ, տապակած, կծու և ապխտած սնունդ:
Գառան և խոզի ճարպոտ միս:
Չիպսեր, սուխարիներ, ֆստղ, երշիկեղեն, թթու, մարինադ:
Ապխտած, մարինացված ձուկ:
4-օրյա «առանց աղի» դիետա
Այս 4 օրը պետք է հրաժարվել շաքարից, աղից և կարագից:
1-ին օր
Խաշած կարտոֆիլ: Անսահմանափակ ըմպելիք:
2-րդ օր
Խաշած հնդկաձավար կամ բրինձ: Անսահմանափակ ըմպելիք:
3-րդ օր
Խաշած հավի սպիտակ միս: Անսահմանափակ ըմպելիք
4-րդ օր
Առաջին օրվա սննդակարգը:
15-օրյա «առանց աղի» դիետա
Առաջին երեք օրերը
500գ խաշած հավի կրծքամիս ամբողջ օրվա ընթացքում: Առանց շաքարի ըմպելիքներ:
Երկրորդ երեք օրերը
500գ ոչ ճարպոտ ձկան միս՝ խաշած կամ շոգեխաշած: Առանց շաքարի ըմպելիքներ:
Երրորդ երեք օրերը
Ջրով պատրաստված ցանկացած շիլա, որի քանակությունը չպետք է գերազանցի 500գ-ը: Առանց շաքարի ըմպելիքներ:
Չորրորդ երեք օրերը
Ցանկացած բանջարեղեն՝ բացառությամբ կարտոֆիլի: Բանջարեղենը կարող է լինել հում, եփած կամ շոգեխաշած: Քանակությունը պետք է կազմի օրը 1-2կգ: Պետք է օգտագործել առանց շաքարի ըմպելիքներ:
Հինգերորդ երեք օրերը
Բացառությամբ բանանի՝ կարելի է օգտագործել ցանկացած միրգ, օրական՝ 1-2կգ: Խմեք առանց շաքարի ըմպելիքներ:
Սրտամկանի աշխատանքի բարելավման համար օրգանիզմը պետք է ապահովել կալիումով, մանգանով, В խմբի վիտամիններով, L- կարնիտինով, օմեգա-3 ճարպաթթուներով: Սահմանափակեք աղի օգտագործումը:
Առանց աղի դիետան հակացուցված է
Պետք չէ գործածել այս դիետան շոգին և ծանր ֆիզիկական վարժություններ կատարելիս: Դա բացատրվում է նրանով, որ ծանր ֆիզիկական պարապմունքները և շոգը հեռացնում են օրգանիզմի աղը քրտինքի միջոցով, իսկ օրգանիզմին ամեն դեպքում անհրաժեշտ է որոշակի քանակությամբ աղ: Սպորտսմենները, այդ պատճառից ելնելով, չեն կիրառում այս դիետան:
Ուշադրություն
Առանց աղի դիետան օգտագործելիս ուշադիր եղեք օրգանիզմի նկատմամբ: Աղի անբավարար լինելու մասին օրգանիզմի ազդակներից են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և թուլությունը: Եթե նշված խնդիրներից որևէ մեկն առաջ է գալիս ձեզ մոտ, ապա սննդակար վերադարձրեք աղը, սակայն խելամիտ քանակությամբ: