Հնդկաստանի արևմուտքում անհայտ հիվանդությունից արդեն 15 մարդ է մահացել, հայտնում է Hindustan Times-ը։
«Վերջին ութ օրվա ընթացքում Գուջարաթ նահանգի Քաթչ շրջանում առեղծվածային տենդից մահացածների թիվը հասել է 15-ի, մինչդեռ իշխանությունները դեռևս չեն կարողացել պարզել հիվանդության պատճառը»,- հայտնում է հրատարակությունը։
Ըստ Hindustan Times-ի՝ սեպտեմբերի 3-10-ն ընկած ժամանակահատվածում առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երեխաներ, մահացել են անհայտ հիվանդությունից, որից հետո հաստատվել է ևս առնվազն 5 մահվան դեպք։
Ըստ հրապարակման՝ Քաթչ շրջանի կառավարության խոսնակն ասել է, որ թեստերը մինչ այժմ բացառել են H1N1 գրիպի վիրուսի, խոզի գրիպի, Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդի, մալարիայի և դենգե տենդի հավանականությունը։ Նա նաև ընդգծել է, որ անհայտ տենդը վարակիչ հիվանդություն չի համարվում։
Ըստ Hindustan Times-ի՝ մահացածներից վերցված 11 նմուշ ուղարկվել է փորձաքննության, արդյունքները սպասվում են մեկ-երկու օրից:
Հրատարակությունը նշում է, որ անհայտ տենդի բռնկումը համընկել է տուժած շրջանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետ։