Յուրաքանչյուր 10-րդ դեռահաս հոգեկան խնդիրներ ունի սոցիալական ցանցերից եւ համակարգչային խաղերից կախվածության պատճառով, նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում։
«ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի նոր տվյալները վկայում են սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճի մասին՝ 2018թ. 7 տոկոսից 11 տոկոս 2022թ.։ Դեռահասների 12 տոկոսի համար ակտուալ է խնդրահարույց վարքը թվային խաղերի հանդեպ։ Այս ամենը լրջորեն մտահոգում է երիտասարդների հոգեկան առողջության եւ բարեկեցության առումով»,- նշված է փաստաթղթում։
ԱՀԿ փորձագետները ճշտել են, որ սոցիալական մեդիաների խնդրահարույց օգտագործումը «զեկույցում սահմանվում է որպես վարքի մոդել, որը բնութագրվում է կախվածության ախտանշաններով»։ «Այդ ախտանշաններից են սոցիալական մեդիաների օգտագործումը վերահսկել չկարողանալը, աբսիստենտ համախտանիշը, հրաժարումը այլ զբաղմունքներից եւ բացասական հետեւանքները ամենօրյա կյանքի վրա»,- նշված է զեկույցում։
Որպես սոցցանցերի խնդրահարույց օգտագործման հետեւանքներից մեկը փորձագետները նշել են «հոգեակտիվ նյութերի օգտագործման ավելի բարձր ցուցանիշները այն մարդկանց համեմատ, ովքեր պատասխանատու են վերաբերվում սոցիալական մեդիաներին»։ Ընդհանուր առմամբ, սոցիալական մեդիաների խնդրահարույց օգտագործումն ուղեկցվում է հոգեբանական եւ սոցիալական բարեկեցության նվազմամբ, ընդգծել են ԱՀԿ-ում։ «Ավելին, սոցիալական մեդիաների խնդրահարույց օգտագործումը ասոցիացվում է քնի տեւողության կրճատման հետ, ինչը կարող է ազդել դեռահասների ընդհանուր առողջական վիճակի եւ ակադեմիական առաջադիմության վրա»,- ավելացրել են կազմակերպությունում։
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն անդրադարձել է այն հարցին, որ այս երեւույթի բացասական ազդեցության դեմ պայքարի համար կարեւոր է բարձրացնել բնակչության թվային գրագիտությունը։ «Շատ երկրներում դրա համար գրեթե ոչինչ չի արվում, իսկ այնտեղ, որտեղ թվային գրագիտության ծրագրեր գոյություն ունեն, դրանք հաճախ չեն հասցնում նոր միտումների եւ տեխնոլոգիանեի զարգացման հետեւից,- շարունակել է նա։- Հիմա մենք տեսնում ենք այդ բացի հետեւանքները, եւ իրավիճակն ավելի կվատանա, եթե կառավարությունները, առողջապահության մարմինները, մանկավարժները եւ ծնողները չհասկանան, թե որոնք են պատճառները եւ քայլեր չձեռնարկեն այն շտկելու համար»։
Ինչպես նշել են ԱՀԿ-ում, ներկայացված տվյալները ստացվել են «Դպրոցական տարիքի երեխաների վարքը առողջության հարցում» հետազոտության շրջանակում, որին 2022թ. մասնակցել է 11, 13 եւ 15 տարեկան մոտ 280 հազար երեխա Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Կանադայում (44 երկիր եւ տարածաշրջան)։