ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է և հաճախ ի հայտ է գալիս հենց նման իրավիճակից հետո:
Հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև յոդի անբավարարությունը, վարակները, աուտոիմուն հիվանդությունները, գենետիկական նախատրամադրվածությունը:
Հիվանդության կանխարգելման կարևոր գոծոններից են հոգեհուզական գերլարվածությունից զերծ մնալը, սթրեսակայունությունը (ի լրումն յոդի բավարար մատակարարման), ունենալ նորմալ քնի ռեժիմ:
Այս հիվանդության ախտանշանների սպեկտորը չափազանց լայն է, դրանք երբեմն կարող են քողարկվել այլ օրգան-համակարգերի հիվանդությունների ախտանշանների տակ և զգալիորեն տարբերվել` կախված հիվանդության տեսակից և դրա փուլից:
Հորմոնների նվազ արտադրության դեպքում ի հայտ են գալիս քաշի ավելացում, խոլեստերինի ավելացում, թուլություն, քնկոտություն, հոգնածություն, դեմքի և վերջույթների այտուցվածություն, դեպրեսիա, քնի խանգարում, դաշտանային ցիկլի խանգարում, տղամարդկանց մոտ` լիբիդոյի նվազում:
Չոր մաշկը, փխրուն եղունգները և մազերը, փորկապությունը, հիշողության վատացումը, ուշադրության նվազումը ևս կարող են վահանաձև գեղձի դիսֆունկցիայի նշաններ լինել:
Վահանաձև գեղձի հորմոնների արտադրության ավելացման դեպքում կարող է դիտվել ընդհանուր թուլություն, հոգնածություն, անքնության և դյուրագրգռության նշաններ:
Նկատվում է զարկերակային ճնշման բարձրացում, վերջույթների կամ ամբողջ մարմնի դող, քաշի կորուստ նույնիսկ պատշաճ սնվելու պարագայում, դաշտանային ցիկլի խանգարումներ և լիբիդոյի նվազում տղամարդկանց մոտ: Նկատվում է նաև քրտնարտադրության ավելացում, շոգի անտանելիություն, սրտի ռիթմի խանգարումներ, հաճախասրտություն։
Նման նշանների դեպքում անհրաժեշտ է էնդոկրինոլոգի խորհրդատվություն հիվանդության ախտորոշման ու բուժման համար: