Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի ամերիկացի գիտնականները ստեղծել են հակամիկրոբային գել արնահոսությունը կանգնեցնելու համար։ Մարմնի վնասված մասին այն քսելուց հետո նյութն ընդլայնվում է՝ վերածվելով փրփուրի։ Հետազոտությունը հրապարակվել է Biomaterials Science (BioMatSci) գիտական ամսագրում։
Մասնագետների խոսքով՝ նրանք ձգտել են ստեղծել պարզ լուծում, որը կարելի կլիներ օգտագործել դաշտային պայմաններում, մարդու վնասվելուց անմիջապես հետո։ Ըստ վիճակագրության՝ մահացու ելքերի մեծ մասը կարելի կլիներ կանխել՝ դադարեցնելով արնահոսությունը վիրավորվելուց հետո առաջին 30 րոպեներին։
Թիմը փորձարկել է SilFoam գելանման նյութը՝ կազմված սիլոքսաններից (թթվածնի եւ սիլիցիումի միացություններ)։ Այն քսվում է վերքին հատուկ երկխցանի ներարկիչով եւ հիշեցնում է մոնտաժային փրփուր, որն օգտագործում են շինարարությունում կառույցների կարերը մեկուսացնելու համար։
SilFoam-ը կարող է յոթ անգամ ընդլայնվել նախնական ծավալից։ Ստացված սպունգանման զանգվածը փակում է վերքը եւ վնասազերծում այն ի հաշիվ արծաթի օքսիդի։ Արյան դադարեցումը դրա օգնությամբ տեղի է ունենում մեկ րոպեից էլ քիչ ժամանակում։
Գիտնականների խոսքով՝ ստացված փրփուրը բավական կպչուն է, որպեսզի մնա մարմնի վրա, բայց այն կարելի է անցավ հեռացնել առանց մաշկը վնասելու։
Մշակման հեղինակները նշել են, որ իրենց համակարգի հաջող կիրառման համար ոչ մի պատրաստություն անհրաժեշտ չէ, իսկ գելով ներարկիչները կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում։