«Ես չեմ ուզում, որ մենք ընկնենք Ռուսաստանի ուղեծիր»,- Գիորգի Գոգուա

«Ես չեմ ուզում, որ մենք ընկնենք Ռուսաստանի ուղեծիր»,- Գիորգի Գոգուա

Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը շարունակում է մնալ բուռն քննադատության առարկա ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից։
Գործակալների օրենքի հակառակորդները պնդում են, որ այս օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը, ինչը, ի վերջո, խոչընդոտում է անկախ ԶԼՄ-ների կատարյալ աշխատանքին երկրում և միևնույն ժամանակ հակասում է Վրաստանի Սահմանադրությանը։

«Project 64»-ը արտերկրից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներից է և օրենքով պարտավոր է գրանցվել հանրային ռեգիստրում որպես «օտարերկրյա գործակալ»։
«Project 64»-ի համահիմնադիր և տնօրեն Գիորգի Գոգուան Ռադիո NOR-ին ասել է, որ իրենց լրատվամիջոցը չի գրանցվի որպես «օտարերկրյա գործակալ»:

«Այս ամբողջ օրենսդրությունը, որն ընդունվել է վերջերս, հստակ նպատակ ունի դադարեցնել անկախ կազմակերպությունների ու լրատվամիջոցների աշխատանքը երկրում։ Այս օրենքը մշակվել է ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական սեկտորի ճանապարհը փակելու համար։
Մոտենում են ընտրությունները, և իշխանությունն ուղղակիորեն ասում է, որ «Վրացական երազանքը» դեռ երկար է մնալու երկրի գլխին։
Սա ուղեկցվում է ընդդիմությանը սահմանափակելու և նրա աշխատանքն արգելելու ծրագրերով։ Շատ վատ գործընթաց է ընթանում, որն ի վերջո բերեց այն արդյունքին, որ մենք գնալով հեռանում ենք մեր նպատակից՝ եվրոատլանտյան ինտեգրումից։
Դա միայն խոսքեր չեն: ԵՄ-ն մեզ ուղղակիորեն ասում է, որ եթե այսպես շարունակենք, չենք կարողանա Եվրոպա մտնել։ Այս ուղղությամբ արվող յուրաքանչյուր քայլ մեզ հեռացնում է եվրոպական ուղուց և ժողովրդավարությունից։
Ես չեմ ուզում, որ մենք ընկնենք Ռուսաստանի ուղեծիրը, չնայած ամեն ինչ գնում է դեպի դա։ Մենք անում ենք այն, ինչ անում է Ռուսաստանը տարիներ շարունակ՝ սահմանափակելով քաղաքացիական հասարակությունը
»,- ասում է Գիորգին։

Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիում անցկացվել է երթ՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» կարգախոսով։ Երթի կազմակերպիչները հասարակական կազմակերպությունների կոալիցիան է։
Ակցիան նպատակ ունի աջակցել Վրաստանի եվրոպական ապագային։


Ավելին մեր աուդիո նյութում՝«Project 64»-ի համահիմնադիր և տնօրեն Գիորգի Գոգուայի հետ զրույցում:

Radio NOR · “ძალიან არ მინდა,რომ რუსეთის ორბიტაზე მოვექცეთ“-გიორგი გოგუა