Աշխարհում ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղի երկու միլիոնից ավելի նոր դեպք է գրանցվում։ Կանանց մոտ այն ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է, որը ժամանակին չհայտնաբերելու և չբուժելու պարագայում կարող է հանգեցնել մահվան։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հիվանդության վաղ ախտորոշումը։
«Այդ հիվանդության բուժման գրավականը վաղ ախտորոշումն է։ Բայց հաճախ կանայք չեն նկատում այդ հիվանդությունը, կամ նկատում են և ուշ են դիմում բժիշկների և այդ պատճառով շատ ենք ունենում դեպքեր, երբ այդ հիվանդությունը լինում է տարածված։ Նման դեպքերում շատ ավելի բարդ է դրա դեմ պայքարելը», – ասում է «Նաիրի» ԲԿ Ուռուցքաբանության ծառայության ղեկավար Լևոն Բադալյանը։
Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները։ Ինչպես և մյուս օրգանների քաղցկեղների պարագայում, պատճառների մի մասը դեռևս անհայտ է։ Բայց հստակ հայտնի է, որ կա ժառանգական գործոն։ Այն պայմանավորված է գեների քաղցկեղածին մուտացիաներով, որոնք կարող են փոխանցվել ժառանգաբար։ Այդ գեների փոխանցումը դեռ չի նշանակում, որ ժառանգողի մոտ անպայման կզարգանա քաղցկեղ, բայց հավանականությունը բավականին բարձր է՝ 50–60 տոկոս։
«Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում հենց ժառանգական գործոնին, որովհետև դա ամենահստակն է, և կարելի է շատ հեշտությամբ հայտնաբերել հատուկ թեստերի, հատուկ անալիզների միջոցով», – ասում է ուռուցքաբանը։
Բժիշկը շեշտում է՝ եթե կնոջը անցել է կրծքագեղձի քաղցկեղի դեֆեկտավոր, մուտացված գենը, ապա հիվանդությունը կարող է զարգանալ շատ ավելի վաղ, երիտասարդ տարիքում, և շատ ավելի ագրեսիվ ընթացք ունենալ։ Եվ դա ոչ մի կապ չունի առողջական ընդհանուր վիճակի հետ. միանգամայն առողջ երիտասարդ կանանց մոտ կարող է զարգանալ կրծքագեղձի քաղցկեղ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ընտանեկան պատմությունը։
«Ում ընտանիքում կան կամ եղել են դեպքեր կրծքագեղձի կամ ձվարանների քաղցկեղի. Դա կարա լինի մոր մոտ, տատիկի, քրոջ մոտ, մորաքույր, հորաքույր, հորաքրոջ աղջիկ, ցանկացած մոտիկ արյունակից հարազատ, ++, այդ կնոջ մոտ նույնպես կա վտանգ, որ իր մոտ անցած լինեն վատ գեները։ Եվ պետք է ժամանակին դիմել ուռուցքաբանի, հանձնել համապատասխան թեստեր, համապատասխան հետազոտություններ անցնել, որպեսզի հասկանալ, այդ վտանգավոր գենը այդ կնոջ մոտ կա, թե չէ։
Հաճախ մարդիկ մտածում են, որ եթե իրենք առողջ են, ուրեմն քաղցկեղն իրենց շրջանցելու է։ Բայց իրականում այդպես չէ։ ++ Դրա համար շատ կարևոր է ժամանակին կանայք հետազոտվեն։ Եթե ընտանիքում եղել են կամ կան քաղցկեղի դեպքեր, պետք է սկսել հետազոտությունները շուտ, 25 տարեկանից, եթե ընտանիքում ոչ մի հիվանդ չի եղել 40-45 տարեկանից սկսած նույնպես պետք է անցնեն համապատասխան հետազոտություններ», – պարզաբանում է նա։
Ի՞նչ կտա կնոջը քաղցկեղածին գեների մասին իմացությունը։ Դա կտա հնարավորություն ավելի զգոն լինելու, պարբերաբար հետազոտվելու, կամ անգամ դիմելու պրոֆիլակտիկ մաստէկտոմիայի, ինչպես դա արել է դերասանուհի Անջելինա Ջոլին։
«Նախ կինը կիմանա և իր մոտիկ հարազատների համար, որ կա այդպիսի վտանգ, և ուռուցքաբանի հետ միասին կմշակի հետազոտությունների կամ նույնիսկ որոշակի գործողությունների բուժական պլան, որին համապատասխան ամեն ինչ կարվի այնպես, որ եթե նույնիսկ քաղցկեղն առաջանա, հայտնաբերվի շատ շուտ, հենց առաջին նոր–նոր սկսվող փուլերում։ Եվ այդ ժամանակ բուժման արդյունավետությունը շատ բարձր է լինելու։ երբեմն կիրառվում է կրծքագեղձերի հեռացում մինչև քաղցկեղի առաջացումը», – ասում է Լևոն Բադալյանը։
Բուժման պլանը ընտրվում է անհատական, հաշվի առնելով կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները և քաղցկեղի առանձնահատկությունները՝ տեսակը և տարածվածության աստիճանը։ «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժման պլանը մշակում է տարբեր մասնագետներից բաղկացած tumor board-ը, միջազգային ուղեցույցների հիման վրա։