Շալիկո Զորյանը ծնվել է 1942 թ սեպտեմբերի 10-ին՝ Ջավախքի Փոկա գյուղում ( Փարվանա լճի ափին ): Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել է բանակում։ Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը։
Աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, ուսմասվար, տնօրեն ( 1969-1977 թթ )։ 1977-ից ընտրվել է Փոկայի համայնքապետ և աշխատել մինչև 1983 թվականը։ 1983-ից ընտանիքով բնակություն են հաստատել Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք շրջկենտրոնում։ Աշխատել է դպրոցական տեսուչ, շրջանային կինոցանցի տնօրեն, 1994-1998 թթ՝ ՀՀ մաքսային վարչության Բավրայի մաքսակետի պետ։
Այնուհետև տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել ՀՀ մաքսային վարչության մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և հետաքննության ծառայության պետի տեղակալ, երրորդ դասի խորհրդական։
Շալիկոն այնուհետև անցել է գրական ստեղծագործությունների։ Լույս է տեսել “Փարվանա ” քառյակների ժողովածուն և “Կարոտներիս Քարավանը” բանաստեղծությունների ժողովածուն։ Ընտրվել է Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, այնուհետև Հայ֊ ամերիկյան գրողների միության անդամ։
Հաշվի առնելով արվեստի, գիտության և գրականության ոլորտում ունեցած զգալի ավանդը “Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահի՝ 20.06.2023թ. թիվ 707 որոշմամբ Շալիկո Հմայակի Զորյանը պարգևատրվել է «ՀԱՅԸ» հուշամեդալով։
Պատրաստվում էր հրատարակել բանաստեղծությունների, պատմվածքների և ծննդավայրի մասին հուշերի ժողովածուները։ Ցավոք՝ անավարտ մնաց …
Այս տարվա հոկտոմբերի 29-ին լրանում է Շալիկո Զորյանի մահվան մեկ տարին։
Նյութի հեղինակ՝ Պարույր Մադոյան