Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է խամաճիկ, որը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները, հեղաշրջման կոչ է անում և դեմ է գնում սահմանադրությանը։ Ըստ Մեդվեդևի, նման գործողություններին պետք է հաջորդեն Զուրաբիշվիլիի պաշտոնանկությունն ու ձերբակալումը։
«Վրաստանի խամաճիկ նախագահը հրաժարվեց ընդունել ընտրությունների արդյունքները և դեմ դուրս եկավ սահմանադրությանը՝ կոչ անելով պետական հեղաշրջում իրականացնել, նման դեպքերում սովորական պրակտիկան ենթադրում է պաշտոնանկություն ու ձերբակալություն», — գրել է Մեդվեդևը «X» սոցիալական ցանցի անգլալեզու օգտահաշվում։
Ավելի վաղ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, իսկ նախօրեին Թբիլիսիում կայացած բողոքի ցույցի ժամանակ դիմելով մասնակիցներին՝ Զուրաբիշվիլին կրկին պնդել է, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։ Զուրաբիշվիլին երդվել է հանրությանը, որ մինչև վերջ ժողովրդի կողքին է լինելու: aliq.ge