Էթնիկ մեծամասնությունը փոքրամասնությանը մեղադրում է ընտրություններում «պարտվելու» համար

Էթնիկ մեծամասնությունը փոքրամասնությանը մեղադրում է ընտրություններում «պարտվելու» համար

Ընտրությունների արդյունքներում սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր մեղավոր են ճանաչել էթնիկ փոքրամասնություններին: Նրանք մեղադրում են էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններին այն բանի համար, որ այս շրջաններում «Վրացական երազանք»-ի ստացած ձայների բարձր տոկոսի պատճառով իշխող կուսակցությունը մեծամասնություն է ստացել խորհրդարանում: Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը

Այն բանից հետո, երբ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց երկրի խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները, սոցիալական ցանցերում իշխող կուսակցության ստացած բարձր տոկոսների պատճառով ազգային փոքրամասնությունների դեմ ատելության խոսքի ալիք բարձրացավ։

«Այսինքն՝ Տալախաձեն մեր երկրում օրենքներ կգրի, իսկ Նինոծմինդան ու Ախալքալաքը կորոշեն երկրի ճակատագիրը, ես իմ աչքով եմ տեսել Թբիլիսիի բոլոր շրջանների վերջնական, պաշտոնական արձանագրությունները, և չնայած բոլոր վարչական ռեսուրսների կիրառմանը Վրացական Երազանքը 40%-ից ավելի չի ստացել»,- գրում է Նանա Դավիթաձեն։

«Ուզու՞մ եք ասել, որ նրանք որոշել են մեր վրաց ժողովրդի ապագան: «Վրացական երազանքը» Ախալքալաքում՝ 88%, Նինոծմինդայում՝ 90%, Մառնեուլիում՝ 80%, Բոլնիսիում՝ 81%։ Վա՜յ, դժբախտ Վրաստան»,- գրել է Գիորգի Նազղաիձեն։

«Եկել է ժամանակը, որ բոլորն առերեսվեն օբյեկտիվ իրականության հետ և առանց վարանելու ուղիղ ասեն ճշմարտությունը: Ո՞ւմ է անհանգստացնում մեր Հայրենիքի ապագան՝ Ախալքալաքին և Նինոծմինդային, որտեղ ապրում է վրացիների ընդամենը 3 տոկոսը: Հիմա ձեզանից, ովքեր ինձ մեղադրում են անջատողականության կամ ատելության մեջ, չնայած որ ես երբեք չեմ հատում կոռեկտության ու քաղաքավարության սահմանը, ես ձեզ շատ վատ կպատասխանեմ: Լավ մտածեք, կշռադատեք և մի զրկեք մեր երեխաներին քաղաքակիրթ աշխարհին մասնակցելուց ձեր քաղքենիական շահի պատճառով»,- գրել է Գոդերձի Կուբլաշվիլին։

Նմանատիպ գրառումներն ու մեկնաբանությունները այնքան շատ էին, որ արձագանք առաջացրեց վերը թվարկված էթնիկ խմբերի երիտասարդների շրջանում՝ էթնիկ մեծամասնությանը հասանելի լեզվով։

«Ես ազգությամբ հայ եմ, Վրաստանի քաղաքացի, և իմ վրացի ընկերներից շատերը կհաստատեն, թե որքան է ցավում իմ սիրտը Վրաստանի համար և քանի գիշեր եմ անցկացրել հանրահավաքներում (սա շեշտում եմ, որովհետև վերջին շրջանում միայն հանրահավաքներին մասնակցելն է դարձել հայրենասիրության նշան): Ինձ շատ վրդովեցրեց և արցունքների աստիճանի հասցրեց երեկ տեղի ունեցածը, երբ ցուցակի առաջին շարքերում տեսա Ախալքալաքն ու Նինոծմինդան, որտեղ մարդկանց մեծամասնությունը քվեարկել է «ռուսական երազանքի» օգտին, ես չեմ արդարացնում իմ համաքաղաքացիների այդ պահվածքը, թեև շատ գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել նախքան ասելը, որ Ջավախքը և Մառնեուլին հաղթանակը տվել են «Երազանքին», ես փորձագետ կամ քաղաքական գործիչ չեմ, բայց չեմ կարող լռել։ Նախ եկեք նայենք թվերին, այլ ոչ միայն տոկոսներին, և ուշադրություն դարձնենք նրան, որ եթե Ախալքալաքից և Նինոծմինդայից ձայների 90%-ը դա մոտ 15000 ձայն է, ապա որևէ այլ շրջանում՝ Քութայիսում կամ մեկ այլ տեղ, այս 15000 ձայնը նույնիսկ +-50 տոկոս ձայն չի հաշվվում։ Չմոռանանք, որ հայերը Վրաստանի բնակչության ընդամենը 4%-ն են կազմում։ Իրականում ես չեմ արդարացնում նման պահվածքը, բայց նաև գիտեմ, որ ոչ ոք չի կարող ինձ ստիպել լքել իմ երկիրը, ոչ ոք չի կարող ինձ ասել, որ ես չեմ կարող քվեարկել այն երկրի օգտին, որտեղ ապրում եմ։ Թույլ տվեք անդրադառնամ ևս մեկ գործոնի: NEMO առաքելության ընթացքում ես ողջ օրը որպես դիտորդ անց եմ կացրել Նինոծմինդայի շրջանում, և մենք այցելեցինք մոտ 10 ընտրատեղամաս: Միջին հաշվով հանձնաժողովի 15-17 անդամներից բաղկացած ցուցակում առնվազն 5-6-ն են գրանցվել որպես այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, և ակնհայտ է, որ դա իրատեսական չէ, սրանք եղել են «Երազանքի» իրական ներկայացուցիչներ, իսկ եթե 1-2-ը ընդդիմությունից են եղել, ապա նրանք չեն կարողացել ձայն բարձրացնել, ինքներդ եք հասկանում, թե ինչու: Որովհետև այս մարդուն մնացած 15-ը կենդանի կուտեին, և ինձ հետաքրքրում է, թե որտեղ էին ընդդիմադիր կուսակցությունների մնացած ներկայացուցիչները, եթե նրանք առհասարակ այս շրջաններում էին։ Նրանք գոնե մեկ անգամ եկե՞լ են Ջավախք՝ ժողովրդին ներկայանալու նպատակով։ Ոչ, չեն եկել, մի քանի բացառություններով: Ի՞նչ եք ուզում այս մարդկանցից: Նույնը եղել է ամենուր, ինչպես Նինոծմինդայում, Ախալքալաքում, այնպես որ ազգությունից մի խոսեք և շատ մի տրտնջացեք։ Շատ վրացիներ սատարել են «Վրացական երազանքին»: Ես իմ երկրում եմ գտնվում, որտեղ ես պետք է լինեմ և որտեղ ես պայքարում եմ իմ ձայնը պաշտպանելու համար։ Ես այլևս հայատյացության դեմ առանձին-առանձին պայքարելու ճոխություն ինձ չեմ կարող թույլ տալ: Շնորհակալություն, բավական է»,- գրել է Ռիմա Մառանգոզյանը։

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե որքանով են հայերի ձայներն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

«Նրանց, ովքեր տարբեր մունիցիպալիտետներում առանձին տոկոսներ են հաշվում և ազգային փոքրամասնություններին մեղադրում են այն բանի համար, որ «Վրացական երազանքը» ստացել է խորհրդարանական մեծամասնություն. հիշեցնում ենք, որ սրանք համամասնական ընտրություններ են, որտեղ կարևոր են ոչ թե մունիցիպալիտետներում առանձին տոկոսները, այլ Ազգային մակարդակով ստացած ձայների ընդհանուր թիվը: Ինչ վերաբերում է «Վրացական երազանք»-ի ստացած ձայներին. Վակեում՝ 29050 ձայն, իսկ Ախալքալաքում՝ 18187 ձայն։ Սաբուրթալոյում՝ 37 948 ձայն, իսկ Մառնեուլիում՝ 34 385 ձայն։

Հետևաբար, Վակեում և Սաբուրթալոյում «Երազանքը» ավելի շատ ձայներ է հավաքել, քան փոքրամասնությունների ամենամեծ և ամենախիտ բնակեցված շրջաններում»,- գրել է «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահը։

«Ռոնդելի» հիմնադրամի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլիի խոսքով, այս հարցում ազգային փոքրամասնությունները զոհեր են, որոնց չի կարելի մեղադրել։

«Կարծում եմ, որ ազգային փոքրամասնություններին չպետք է մեղադրել մի բանում, որտեղ իրենք են զոհը և ոչ թե կատարվածի պատճառը: Կարծում եմ, որ խնդիրը նրա մեջ է, որ ազգային փոքրամասնությունները մեկուսացված են հասարակական կյանքից, նրանք շատ քիչ հնարավորություններ ունեն ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքականությանը: Ես կարծում եմ, որ դա հենց պետության քաղաքականությունն է այս վերջին տարիներին, և ամեն դեպքում, «Վրացական երազանքը» ոչինչ չի արել այդ էթնիկ փոքրամասնություններն ավելի ու ավելի ակտիվորեն ինտեգրվեն հասարակական կյանքին, և, իհարկե, այնտեղ շատ ավելի հեշտ է, եթե մենք երկրում չունենք ժողովրդավարություն, ապա էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում ընդհանրապես ժողովրդավարություն չկա: Հասկանո՞ւմ եք: Եվ դրա մեղավորը ոչ թե այս փոքրամասնությունների բնակչությունն է, այլ մեղավոր է երկրի ընդհանուր քաղաքականությունը, ընդհանուր պետական քաղաքականությունը, որ այն չի ապահովում ժողովրդավարական գործընթացները և այդ գործընթացների զարգացումը»,- ասում է Կախա Գոգոլաշվիլին: