Ինչ խնդիրների կարող են բախվել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողները այս սեզոնին. բժշկի խորհուրդները

Ինչ խնդիրների կարող են բախվել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողները այս սեզոնին. բժշկի խորհուրդները

Ձմռանը եղանակային կտրուկ տատանումները և մթնոլորտային ճնշման փոփոխությունները անբարենպաստ են ազդում մարդկանց ընդհանուր առողջական վիճակի վրա։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայի բժիշկ-սրտաբան Աննա Օրդյանը նշում է, որ սիրտ–անոթային հիվանդություններ ունեցող անձինք ավելի զգայուն են այդ փոփոխությունների նկատմամբ, այս երևույթը կոչվում է մեթեոզգայունություն։

Ցուրտ եղանակին լայն տարածված են սեզոնային գրիպը և այլ շնչառական սուր վարակներ։ Սիրտ–անոթային խնդիրներ ունեցողներն ավելի ծանր են տանում այդ հիվանդությունները և վարակների ֆոնի վրա հաճախ սրվում են նրանց հիմնական հիվանդությունները։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ձմռանը սիրտ–անոթային պատահարների և այդ համակարգի հիվանդությունների սրացումների հաճախությունը ավելանում է մոտ 30-35 տոկոսով։ Բժիշկն անդրադարձել է այս սեզոնին սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների գանգատներին, ռիսկի գործոններին, բարդություններին, բուժմանը, կանխարգելմանը:

Ցրտի ազդեցությունը հանգեցնում է արյունատար անոթների կծկանքի, ինչի հետևանքով նվազում է սրտի արյունամատակարարումը և կարող է առաջանալ ստենոկարդիայի նոպա (կարճատև սեղմող բնույթի ցավ հետկրծոսկրային շրջանում, որը ճառագայթում է դեպի ձախ ձեռք)։ Հաճախ կարող են լինել զարկերակային ճնշման տատանումներ՝ հատկապես բարձրացում։ Պետք է նկատի ունենալ, որ ճնշման բարձրացումը կարող է լինել նաև անախտանիշ, ինչը ևս պահանջում է բուժում։

Ռիսկի գործոններ և բարդություններ

Սիրտ–անոթային հիվանդությունների համար ռիսկի գործոններն են

ժառանգական նախատրամադրվածությունը,

արական սեռը, 45–ից բարձր տարիքը, զարկերակային գերճնշումը, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, ճարպակալումը, շաքարային դիաբետը, հիպոդինամիան, արյան շիճուկում խոլեստերինի բարձր մակարդակը, վահանաձև գեղձի թերֆունկցիան և այլն։ Սիրտ–անոթային բարդություններից են սրտամկանի ինֆարկտը, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, սրտային անբավարությունը, հիպերտոնիկ կրիզը և այլն։

Կանխարգելում

Նախ և առաջ պետք է հնարավորինս նվազեցնել վերը նշված ռիսկի գործոնները՝ կարգավորել զարկերակային ճնշումը, հրաժարվել ծխախոտից, չչարաշահել ալկոհոլի օգտագործումը, նվազեցնել քաշը, կարգավորել գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը արյան շիճուկում, ավելացնել ֆիզիկական ակտիվությունը և այլն։

Ամենից հաճախ հանդիպող սխալները

Տարածված սխալներից է հատկապես ամանորյա տոներին բժշկի կողմից նշանակված դեղերի ընդունման ինքնակամ դադարեցումը։ Հենց այս սխալն է հաճախ սիրտ–անոթային հիվանդությունների սրման և բարդությունների առաջացման պատճառը։ Սխալներից են նաև ճարպոտ և դժվարամարս սննդի օգտագործումը, սեզոնին ոչ համապատասխան հագնվելը (գլխարկ, ձեռնոց և շարֆ չկրելը)։

Բժշկի խորհուրդը

Ոչ մի դեպքում ինքնուրույն չընդհատել և չձևափոխել բժշկի կողմից նշանակված բուժումը։

Եթե առաջացել են գանգատներ՝ ցավ կրծքավանդակում, շնչարգելություն, սրտխփոց, սրտի անկանոն աշխատանք, զարկերակային ճնշման տատանումներ և այլն՝ չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել բժշկի օգնության։

Խուսափել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակներից։

Ճիշտ սնվել (չչարաշահել ճարպոտ և բարձր կալորիականություն ունեցող սնունդը, ավելացնել սննդակարգում ձկնեղենի, սեզոնային մրգերի և բանջարեղենի, չմշակված հացահատիկեղենի և չռաֆինացված բուսական յուղերի քանակը)։

Չծխել, չչարաշահել ալկոհոլը։

Չնվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, կարգավորել քնի ռեժիմը։

Եվ, իհարկե, լինել հետևողական և լավատես։