Ջավախքցի ըմբիշը վաղ հասակից է աչքի ընկել մրցագորգում և կարճ ժամանակահատվածում դարձել է Վրաստանի առաջնության մեդալակիր։ Խոստումնալից մարզիկը մարզիչների խորհրդով տեղափոխվել է Հայաստան՝ ԵՕՀՊՄ քոլեջ՝ էլ ավելի հմտանալու։ Իր քրտնաջան մարզումների և մարզիչների հետևողական աշխատանքի շնորհիվ դարձել է Հայաստանի և միջազգային մրցաշարերի բազմակի չեպիոն ու մրցանակիր, Ֆրանկոֆոնիայի արծաթե մեդալակիր։
Վարուժան Կաջոյանը բարձր առաջադիմությամբ ավարտել է քոլեջը, ապա ուսումը շարունակել ՀՖԿՍՊԻ-ում, ավարտել է նաև մագիստարատուրան և ասպիրանտուրան, ապա վերադարձել հարազատ մարզադպրոց, խորամուխ եղել մարզչական գործում։
Նա անաչառ մոտեցում է ցուցաբերում իր աշխատանքին և շեշում հաջողության հասնելու կարևոր քայլերը՝ ինքնավստահություն, ուժերի գերագնահատում և աշխատասիրություն։ Կա մի տարիք, երբ թվում է՝ ամեն ինչ գիտես, ինքդ ես ընտրում քո մարզվելու ձևը, ժամանակացույցը։ Դա ճիշտ չէ․ պետք է հետևել մարզչի ցուցումներին և միշտ պետք է ավելին անել ցանկալի արդյունքի հասնելու համար։ Երիտասարդ մարզիչը հավելում է, որ իր ուսումնառության տարիների հետ համեմատ քոլեջն այսօր անճանաչելիորեն փոխվել է, շատերն են ցանկանում գալ ու մարզվել այստեղ, քանի որ ԵՕՀՊՄ քոլեջը Հայաստանում առաջատար է բոլոր առումներով։
Տարբեր տարիքային խմբերի հետ է նա մարզումներ անցկացնում և ուրախությամբ նշում, որ ըմբիշների աճող ու խոստումնալից սերունդ է ձևավորվել, որի ձեռքբերումն ակնհայտ է, ինչը նաև մարզչական կուռ, թիմային աշխատանքի արդյունք է։ Անցյալ տարի միջազգային խոշոր մրցաշարերում քոլեջի սաները 18 մեդալ են նվաճել։ Անբացատրելի են մարզչի ուրախությունն ու հպարտությունը, երբ սանը տոնում է դժվարին ճանապարհի այնքան թանկ ու կարևոր հաղթանակը։
Վարուժան Կաջոյանն այն համոզմունքին է, որ մազիկի նպատակը չեմպիոն դառնալն է, իսկ դրան հասնում են առավել համառները, նվիրյալներն ու աշխատասերները։