Նոյեմբերի 11-ին, Երևանի պետական համալսարանի Վրացագիտության կենտրոնում բացվեց վրացական գրքի անկյուն։ Միջոցառումը իրականացվեց «Բիբլիուսի»ՍՊԸ-ի եւ «Գրագիտություն տարածող հասարակություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Գիորգի Կեկելիձեն, ով «Բիբլիուսի» ՍՊԸ-ի ստեղծագործական գծով տնօրենն է և «Գրագիտություն տարածող հասարակություն» ՀԿ-ի նախագահը, վրացագիտության կենտրոնին հանձնեց վրաց դասականների և ժամանակակից գրողների գրքերը։ Հանդիպման ընթացքում ընդգծվեց վրաց-հայկական գրական կապերի կարևորությունը։ Վրացագիտության կենտրոնի ղեկավար Էդուարդ Զոհրաբյանը նշեց, որ բազում բանավոր պայմանավորվածություններից հետո սա՝ ի դեմս վրացագիտության նորաբաց կենտրոնի, առաջին գործնական քայլն է, երբ խոսքը դարձել է գործողություն։ Նա հատկանշական համարեց, որ կենտրոնում առաջին քայլը հենց գիրք նվիրելն է, որովհետև դա իսկապես ամենաթանկ նվերն է, քանի որ իրենք քաջ գիտակցում են կրթության ուժի վճռորոշ նշանակությունը։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց Գիորգի Կկելիձեին և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով կշարունակվի բազմաթիվ հետաքրքիր ծրագրերի իրականացումը: Կեկելիձեն շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը ջերմ հյուրընկալության համար, ինչպես նաեւ իր երախտագիտությունը հայտնեց այս նախաձեռնությունը ոգեշնչող ԵՊՀ ուսանող Արևիկ Բալասանյանին, վրացերենի դասախոս Ասյա Դարբինյանին, Հայաստանում «Իվերիա» վրացական համայնքի փոխնախագահ Նինո Սպանդերաշվիլիին և բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս մեծ գործում։
Նա հանձնեց «Գրագիտություն տարածող ընկերության» դեսպանի վկայականներ այս շարժման նոր անդամներին՝ Էդուարդ Զոհրաբյանին, Ասյա Դարբինյանին, Նինո Սպանդերաշվիլիին և Արևիկ Բալասանյանին։