Նինոծմինդայում ավելանում են վիրուսային հիվանդությունները. ինչպե՞ս պաշտպանել երեխաներին և մեծահասակներին վարակներից

Նինոծմինդայում ավելանում են վիրուսային հիվանդությունները. ինչպե՞ս պաշտպանել երեխաներին և մեծահասակներին վարակներից

Նինոծմինդայում վիրուսային վարակների աճը բնորոշ է աշնանային սեզոնին, սակայն կանխարգելիչ միջոցառումների իրականացումը կօգնի կանխել հիվանդությունների տարածումը։ Նինոծմինդայի «Էվեքս» կլինիկայի մանկաբույժ Լամարա Դեմետրաձեն Ռադիո NOR-ի հետ զրույցում ասում է.

«Վիրուսային վարակները միշտ եղել են և կլինեն, ուստի մենք պետք է սովորենք դրանց հետ ճիշտ վարվել»,- ասում է Լամարան։ Նա ընդգծում է, որ եթե երեխան ունի մրսածություն, հազ կամ վիրուսային այլ ախտանշաններ, ապա պետք է բացակայել դպրոցից կամ մանկապարտեզից, որպեսզի հիվանդությունը չտարածվի, հարկավոր է որ երեխաները հաճախակի լվանան ձեռքերը օճառով և առատ ջրով: Կարևոր է նաև պարբերաբար մաքրել այն սենյակը, որտեղ հաճախ են լինում երեխաները՝ վիրուսների կոնցենտրացիան նվազեցնելու համար։ Թաց մաքրումը նույնպես կարևոր է։

Մանկաբույժը հատուկ ուշադրություն է դարձնում մաքուր օդում գտնվելու առավելություններին։ «Անգամ 2 ամսական երեխային ամեն օր պետք է հանել մաքուր օդում զբոսնելու՝ հագցնելով եղանակին համապատասխան»,- ասում է մանկաբույժը։ Մաքուր օդը նպաստում է երեխայի իմունիտետի ամրապնդմանը։

«Կոկսակի վիրուսը վերջերս հաճախակիացել է երեխաների մոտ և բնութագրվում է մաշկի վրա ցանով։ Այս ախտանիշը ազդանշան է ծնողների համար, որի դեպքում անհապաղ դիմել մանկաբույժի: Ժամանակին ախտորոշումը և բուժումը կօգնեն կանխել բարդությունները և արագ վերականգնել երեխայի առողջությունը:

Հետքովիդյան վիրուսային վարակները հաճախ առաջացնում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են բրոնխոսպազմը, թոքերի վնասումը և թոքաբորբը»,- նշում է մանկաբույժը։

Աշնանային սեզոնին Նինոծմինդայում վիրուսային վարակների աճը մեծացնում է ծնողների և մանկավարժների պատասխանատվությունը։ Կանխարգելիչ միջոցառումների պահպանումը, ինչպիսիք են ձեռքերի հաճախակի լվացումը, սենյակը օդափոխելը և մաքուր օդում քայլելը, զգալիորեն նվազեցնում են հիվանդության առաջացման վտանգը: Մանկաբույժների ցուցումների կատարումը կօգնի հասարակությանը պայքարել վիրուսների դեմ և պաշտպանել երեխաների առողջությունը։

Աշնանային սեզոնին երեխաները ուսումնական տարվա հիմնական ժամանակն անցկացնում են փակ տարածքներում, դպրոցներում կամ մանկապարտեզներում, ինչը մեծացնում է վիրուսների տարածման վտանգը։ Ծնողների, խնամակալների և ուսուցիչների համար կարևոր է հետևել հիգիենայի կանոններին, որոնք կօգնեն պաշտպանել իրենց և իրենց երեխաներին վարակներից։

Ավելին մեր աուդիո ձայնագրությունում, հարցազրույցը Նինոծմինդայի «Էվեքս» կլինիկայի մանկաբույժ Լամարա Դեմետրաձեի հետ :