Ռուսթավի քաղաքային դատարանն ամբողջությամբ հաշվի է առել դատախազության ներկայացրած ապացույցները եւ մեղադրյալին մեղավոր ճանաչել երկու անձի սպանության մեջ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի դատախազությունը։
Քննչական գերատեսչության տեղեկություններով՝ դատավարության ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ 2024 թվականի մայիսի 22-ին Ռուսթավիում ամբաստանյալը որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է կնոջն ու զոքանչին, որոնք փողոցով քայլում էին փոքր երեխայի հետ։ Դրա արդյունքում նրանք լուրջ վնասվածքներ են ստացել սրտի և կրծքավանդակի շրջանում։ Երկուսն էլ տեղում մահացել են։
«Ուսումնասիրված ապացույցները հաստատել են նաև, որ 2023 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում մեղադրյալը սեռային և խտրականության հիմքով սիստեմատիկորեն նվաստացրել, վերահսկել, հոգեբանական և ֆիզիկական բռնության է ենթարկել տուժող կնոջը։
Իրավապահները հանցագործություն կատարած անձին ձերբակալել են 2024 թվականի մայիսի 22-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 11-րդ պրիմ, 109-րդ հոդվածի «բ», «ը», «կ» և «լ» ենթակետերով (ընտանիքի երկու անդամների դիտավորյալ սպանություն, որը կատարվել է սեռի հողի վրա և նշանակում է, որ դիտավորությամբ վտանգում է ուրիշների կյանքը և առողջությունը) և 126-րդ հոդվածի առաջին մասով (սիստեմատիկ հոգեբանական և ֆիզիկական բռնություն):
Դատարանը մեղադրյալին լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և որպես պատժի ձև և միջոց նշանակել ցմահ ազատազրկում»,- նշվում է տեղեկատվության մեջ։