Սիրտն օժտված է ինքնավերականգնման թաքնված ունակությամբ

Սիրտն օժտված է ինքնավերականգնման թաքնված ունակությամբ

Սրտի ծանր անբավարարությունից հետո նոր բջիջներ արտադրելու միջոցով վերականգնվելու սրտի կարողությունը բավական ցածր է: Սակայն սրտի պոմպի աջակցությամբ բուժումից հետո վնասված սրտի կարողությունը նոր մկանային բջիջներով վերականգնելու ունակությունը զգալիորեն ավելի մեծ է դառնում, նույնիսկ ավելի մեծ, քան առողջ սրտինը: Դրա մասին է վկայում Կարոլինսկայի ինստիտուտի նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Circulation գիտական հանդեսում։

Մկանային բջիջների՝ միոցիտների վերականգնման միջոցով մարդու սրտի ինքնավերականգնման կարողությունն անչափ սահմանափակ է։ Բայց այն, ինչ է տեղի ունենում այդ ունակության հետ, երբ սիրտը վնասվում է սրտի ծանր անբավարարությունից, հայտնի չէ: Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականներն այժմ պարզել են, որ վնասվածքից հետո բջիջների թարմացման արագությունը նույնիսկ ավելի ցածր է, քան առողջ սրտում:

Սրտի խորացված անբավարարությունից տառապող հիվանդների համար ստանդարտ բուժումն արյուն մղել օգնող պոմպի վիրահատական ​​իմպլանտացիա է, այսպես կոչված ձախ փորոքի օժանդակ սարքի (LVAD) տեղադրմամբ: Զարմանալի է, բայց գիտնականները բացահայտել են, որ սրտի նման պոմպով հիվանդները, որոնք սրտի աշխատանքի զգալի բարելավումներ են զգացել, կարող են վեց անգամ արագ վերականգնել սրտի մկանների բջիջները, քան առողջ սիրտ ունեցողները:

«Արդյունքները ցույց են տալիս, որ սրտի վերականգնման մեխանիզմը գործարկելու համար կարող է թաքնված բանալի լինել»,-պարզաբանում է հետազոտող, Կարոլինսկայի ինստիտուտի բջջային և մոլեկուլային կենսաբանության բաժնի ավագ գիտաշխատող և հոդվածի հեղինակներից մեկը՝ Օլաֆ Բերգմանը:

Սակայն այդ ազդեցության հիմքում ընկած մեխանիզմը դեռևս անհայտ է և դեռևս չկա որևէ վարկած, որը կբացատրեր այդ ֆենոմենը: