Վրաստանը սկսում է կորցնել անկախությունը. Առնոլդ Ստեփանյան

Վրաստանը սկսում է կորցնել անկախությունը. Առնոլդ Ստեփանյան

«Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հիմնադիր Առնոլդ Ստեփանյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց` Վրաստանը սկսում է կորցնել անկախությունը:

«Այն ամենը, ինչ կատարվում է վերջին մեկ տարում,  հատկապես վերջին վեց ամիսներին՝ պայքար է քաղաքացիական սեկտորի դեմ, նաև սպառնալիք է քաղաքական կուսակցությունների համար։ Այս քայլերը կարող են հանգեցնել մեկուսացման. բացի մեկուսացումից, դա կբերի ավելի սերտ հարաբերությունների ավտորիտար պետությունների հետ, իսկ հաջորդ քայլերն արդեն կախված կլինեն Ռուսաստանից»,-ասաց Ստեփանյանը:

Նրա խոսքով` հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ, որոնք կարող են աղետալի հետևանքներ ունենալ երկրի համար:

«Ըստ իս, կա երկու ելք. կամ` ընդհանրապես չխաղալ իրենց կանոններով, դրա հետ մեկտեղ երկրի ներսում մոբիլիզացնել լուրջ ռեսուրս, երկրորդ՝ գնալ դեպի նպատակաուղղված ընտրություններ և հաղթել, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են փոխել Եվրոպայի ուղին,այդ թվում` Ռուսաստանը, հարմարավետ չզգան իրենց և առաջին քայլերը չձեռնարկեն սահմանադրական դաշտում»,- ընդգծեց հասարակական կազմակերպության հիմնադիրը:

Հիշեցնենք. այսօր Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ չի ցանկանում Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։ Այս հայտարարությունն իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Հայտարարությունից հետո Թբիլիսիում և մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքի ցույց են սկսել «Վրացական երազանք»-ի որոշման դեմ:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։  aliq.ge