Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) 105 աշխատակից համաձայն չեն Վրաստանի կառավարության՝ Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման հետ։ ԱԳՆ-ի ներկայացուցիչների գնահատմամբ՝ «Վրացական երազանքի» որոշումը չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին։
Ըստ նրանց՝ մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկը քաղաքական օրակարգից հանելը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին։ Դիվանագետները նշել են՝ անդամակցության բանակցային գործընթացի դադարեցումը կհանգեցնի երկրի մեկուսացմանը:
«Առանց արևմտյան գործընկերների աջակցության, Վրաստանը դեմ առ դեմ մնում է այն սպառնալիքների հետ, որոնք հատկապես ուժեղանում են միջազգային և անվտանգության միջավայրում ընթացող գործընթացների ֆոնին։ Մենք կարծում ենք, որ մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության բանակցությունների բացումը քաղաքական օրակարգից հանելը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին։ Մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման կուրսին», — նված է հայտարարության մեջ:
Թբիլիսիում և երկրի մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ: aliq.ge