Սյուզաննա Ոսկանյանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է հարազատ գյուղի դպրոցում՝ բացարձակ գերազանց առաջադիմությամբ։
Դպրոցն ավարտելուց հետո՝ 2004 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ 2004-2010թթ. ստացել է բժշկի որակավորում ՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ։
2010-2013թթ.-ին ստացել է բժիշկ-մասնագետի որակավորում՝ «Նյարդաբանություն» մասնագիտությամբ։
Սյուզաննան մասնագիտական բազում վերապատրաստումներ է ստանում Հայաստանում և արտերկրում։ 2013թ-ից առ այսօր աշխատում է ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքում։
2020-2022թթ-ին աշխատել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում Covid-19-ով վարակված ծանր հիվանդների հետ։ NOR-ի լրագրողը փոքրիկ հարցազրույց է ունեցել բժշկուհու հետ և ցանկացել իմանալ նրա ընտրած մասնագիտության, լավ կողմերի և դժվարությունների մասին։
–Ինչու՞ ընտրեցիք բժշկի բարդ և պատասխանատու մասնագիտությունը։
-Մասնագիտություն ընտրելիս երկար չեմ մտածել, քանի որ դեռ մանկուց գիտեի, որ բժիշկ եմ դառնալու։ Միշտ հիացել և հպարտացել եմ բժշկի մասնագիտությամբ։ Իմ կարծիքով չկա առավել մարդասիրական մասնագիտություն, երբ կարող ես օգնել և ամոքել ամենաբարդ և անելանելի թվացող իրավիճակներում։ Համամիտ եմ, որ բժշկի մասնագիտությունը բարդ է, պատասխանատու, սակայն դա տարիների ընթացքում դառնում է կենսակերպ։ Բժշկությունը խելահեղ, գայթակղիչ և անբացատրելի մի աշխարհ է, որտեղ գիտությունն ու հումանիզմը միաձուլվում են։
Սյուզաննա Ոսկանյանը նշեց նաև, որ երբեք չի տարակուսել իր ընտրած մասնագիտության մեջ և այս մասնագիտությունը իր կյանքի ապրելաձևն է և անբաժան մասը։
–Ինչպե՞ս եք հաղթահարում Ձեզ հանդիպած դժվարությունները։
-Դժվարությունները բազմաթիվ են, ամենօրյա, բայց հաճելին գերիշխող է։ Յուրաքանչյուր ապաքինված հիվանդ, շնորհակալական խոսք, հավատով և հույսով հայացք, ջերմ ժպիտ բավական է կատարածդ աշխատանքի կարևորությունը հասկանալու և շարունակելու համար։