Վրացի երաժիշտները գործադուլ են հայտարարում

Վրացի երաժիշտները գործադուլ են հայտարարում

Վրացի շուրջ հարյուր երաժիշտներ համատեղ հայտարարությամբ իրենց բողոքն են հայտնել ոչ լեգիտիմ իշխանության դեմ։

Նրանք գործադուլ են հայտարարել՝ հրաժարվելով մասնակցել պետական ​​որևէ միջոցառման։

«Արվեստն իր էությամբ միշտ եղել է ազատության և ինքնարտահայտման խորհրդանիշ, հետևաբար արվեստը չի կարող լռել և սահմանափակվել: Մեր դերը հասարակության շրջանում եղած հույզն ու տրամադրությունը, նրա ուղերձը փոխանցելն է։ Այսօր, երբ Վրաստանի քաղաքացին ամեն օր հալածվում, ծեծի է ենթարկվում և ապօրինի ձերբակալվում իր ազատության և սեփական երկրի եվրոպական ապագայի պաշտպանության համար, մենք հանդես ենք գալիս մեր բողոքով»,- գրված է հայտարարության մեջ։

Երաժիշտները դատապարտում են ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, ապօրինի ձերբակալությունները, ահաբեկումները և իշխող կուսակցության կողմից իշխանությունը պահպանելու համար օգտագործվող բազմաթիվ այլ հանցավոր մեթոդներ։

Հայտարարության տակ ստորագրել է շուրջ հարյուր երաժիշտ` այդ թվում հայտնի ջազ երգչուհի Նինո Քաթամաձեն, փոփ-ռոք երգիչ Էրեկլե Դեիսաձեն, Ալտերնատիվ ռոք կատարմամբ հայտնի «Մծվանե Օթախի» (Կանաչ Սենյակ) խումբը և այլք։